Քահանայի օրհնությամբ Ավանում մեկնարկեց առողջապահական բարեգործական ծրագիր
ԱՀԹ Ավանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանն իր օրհնությունը բերեց Ավան վարչական շրջանի և «Խութ» բարեգործական հիմնադրամի կազմակերպած առողջապահական նախաձեռնությանը:
Տեր հայրը օրհնեց ներկաներին ու ծրագրի կազմակերպիչներին` մասնավորապես ասելով. «Այսպիսի բարի գործերը թող շարունակական լինեն և մեր հասարակությունը լինի հոգեպես ու մարմնապես առողջ»: Տեր հայրը բոլորին կոչ արեց պարբերաբար այցելել եկեղեցի, որպեսզի քահանան Բժշկության ավետարան ընթերցի իրենց առողջության համար:
Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական դժվարամատչելի մի շարք ծառայություններից, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: