211652_close_icon
views-count1484 դիտում article-date 14:40 07-05-2015

ՀՀ վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է հանրությանը հուզող հարցերի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է երկու կարևոր հարցի: Առաջինը մի քանի օր առաջ կառավարությունում տեղի ունեցած ԾԻԳ-երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկումն էր: «Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին: Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նման պաշտոնյաներից , այլև անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է, ի վերջո քաղաքացին, հասարակությունը պետք է իմանան, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները», - մասնավորապես ասել է կառավարության ղեկավարը: Հաջորդ հարցը, որին անդրադարձել է վարչապետը, Սիրիայի իրավիճակն է. «Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք, քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծությանը, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ էր հնչել երեխաներին ու դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ իշխանությունները, կառավարությունը պատրաստ են պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- շեշտել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել, որպեսզի կառավարության հաջորդ նիստում պատկան մարմինները հանգամանալից տեղեկություն տան իրավիճակի մասին:

Նմանատիպ նյութեր