211652_close_icon
views-count1108 դիտում article-date 20:37 16-06-2015

Կայացել է հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության հետ

Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) ֆինանսավորմամբ Հայաստանի Հանրապետության ջրային ոլորտում իրականացվում է Եղվարդի ջրամբարի «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ և հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Հունիսի 16-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ ՃՄՀԳ/ JICA-ի պատվիրակության և ծրագիրն իրականացնող «Սանյու» խորհրդատվական թիմի ներկայացուցիչների հանդիպումը կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնելու «Գյուղատնտեսության և ոռոգման ոլորտների վերաբերյալ հավաքագրման հետազոտության» վերջնական հաշվետվությունը: Կողմերը նշեցին, որ ապագա ջրամբարի կառուցումը կարևորվում է մի քանի առումներով.- Վարարումների և տեղումների շնորհիվ տարեկան 90 մլն խ/մ ջրի պահեստավորում, - ոռոգվող հողատարածքների ավելացում շուրջ 3000 հա-ով, - թուլացնել կախվածությունը Սևանից, լճից վերցվող ջրի տնտեսում տարեկան 50 մլն խ/մ-ով, - պոմպային/ մեխանիկական ոռոգման ծախսերի կրճատում, ջրամբարի սպասարկման տարածքում անցում ինքնահոս ոռոգման, - ջրի տեղափոխման արդյունավետության բարձրացում 50 %-ով: Հանդիպման առանցքային հարցերը կապված էին ապագա ջրամբարի ծավալի, ջրային հաշվեկշիռի հաշվարկի, ջրամբարի կառուցման եղանակների, ջրամբարի տեխնիկատնտեսագիտական գնահատման ծրագրի բնապահպանական փորձաքննության (ՇՄԱԳ) ներկայացման հետ: Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը, ներկայացնելով հանրապետությունում ոռոգման ջրի պաշարների կուտակման արդի իրավիճակը, համեմատություն կատարելով հարևան երկրների հնարավորությունների հետ, շեշտեց, որ ջրամբարաշինությունն այսօր հանրապետությունում ջրային ոլորտի առաջնային ուղղություններից է, որն ամրագրված է ռազմավարական հեռահար ծրագրերով: ՃՄՀԳ –ի գլխավոր գրասենյակի Միջին Ասիայի և Կովկասյան երկրների վարչության պատասխանատու տիկին Վակուի Ակիկոն , ներկայացնելով իրենց կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, խնդրեց քննարկել ջրամբարի ծավալի, այն լցնելու աղբյուրների, ռիսկերի ու հետագա զարգացումների/ընդլայնումների հետ կապված հարցերը: Քննարկելով բարձրացված հարցերը՝ կողմերը հրավիրեցին շահգրգիռ կողմերի «Մեկնարկային ժողով», որին հրավիրված էին շահագրգիռ այլ նախարարությունների, ոռոգման ԾԻԳ-ի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր