211652_close_icon
views-count2018 դիտում article-date 21:44 18-07-2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը հասավ Գյումրի (լուսանկարներ)

Հուլիսի 18-ին Գյումրի քաղաքի «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որը վառվել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում և անցնելով հայկական Ջավախքով՝ բերվել Գյումրի։ Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամներ, մարզպետարանի աշխատակիցներ, մեծ թվով քաղաքացիներ: Ջահակիրը ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն էր։ Մոտոցիկլետների վրա նստած դրոշակակիր մարզիկների ուղեկցությամբ Նազիկը բերել է ջահը «Վարդանանց» հրապարակ և այնտեղ պտտվելուց հետո բարձրացել հարթակ։ Ողջունելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շեշտել է, որ այս միջոցառումը դարձել է ողջ հայության միասնության խորհրդանիշ և աճող սերնդի հոգևոր ու ֆիզիկական դաստիարակության կարևոր խթան: Ելույթի խոսքով հանդես է եկել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։ «Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցակցության պատճաշ դրսևորում են, այլ նաև ազգային միասնության կարևոր գործոն՝ աշխարհասփյուռ հայության շփման, մերձեցման ու Հայաստան–Արցախ–Սփյուռք կապերի ամրապնդման համար»,– նշել է մարզպետը։ Տոնական միջոցառումը եզրափակվել է երաժշտական և պարային կատարումներով: Ախուրյան և Արաքս գետերի ափերով տարվող ջահի հաջորդ կանգառը հերոսական Սարդարապատն է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր