31639 դիտում
10:31 01-08-2015
Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. գազաբալոններով բարձված ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է. պատճառը խոշոր եղջերավոր անասուններն են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ մակնիշի 13 ԼՍ 397 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան- Սևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել գազի լիցքավորման բալոններով և, բարեբախտաբար, պայթյուն տեղի չի ունեցել:
Ականատեսները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը եղել է այդ պահին ճանապարհով անցնող 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունները և եթե վարորդը ճիշտ չկողմորոշվեր` հնարավոր է, որ բախվեր կովերին և հարվածեր մի քանի ավտոմեքենաների, սակայն նրա ճիշտ գործողությունների արդյունքում վթարը ողբերգական ավարտ չի ունեցել:
Այս պահին ժամանել են Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների, ոստիկանների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի են բերել ավտոմեքենան և գազաբալոնները:
Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+