211652_close_icon
views-count1751 դիտում article-date 23:28 23-09-2015

Կիևում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, դիվանագիտական ողջ կորպուսի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գիտության, մշակույթի գործիչներ, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների և այլ բնագավառների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ողջունելով հյուրերին` Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ հայ-ուկրաինական կապերը խարսխված են Ուկրաինայում հայոց դարավոր ներկայության վրա, մեր ժողովուրդների բարեկամությունն ունի հազարամյա պատմություն, և այդ ողջ ժամանակաընթացքում մեր հայրենակիցները Ուկրաինայի հյուրընկալ հողում իրենց ակտիվ մասնակցությունն են բերել երկրի զարգացման գործում: Դեսպանը Մանուկյանը գոհունակությամբ նշեց, որ Ուկրաինայի ներկայիս շուրջ հինգ հարյուր հազարանոց հայ համայնքը, պահպանելով նախնիների պատմական ավանդույթներն, ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի պետականության զարգացմանն ու ամրապնդմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին Կիևի օպերային թատրոնում Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգին ստեղծագործական և կատարողական բարձր մակարդակով մասնակցության համար ՀՀ մշակույթի նախարարությունը պատվոգրերով պարգևատրել էր օպերային թատրոնի դիրիժոր Ուկրաինայի վաստակավոր արտիստ Գերման Մակարենկոյին, «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախմբին, օպերային թատրոնի մենակատար, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանին, «Դումկա» պետական ակադեմիական երգչախումբը: Հանձնելով պարգևները` դեսպան Մանուկյանն իր երախտագիտությունը հայտնեց նրանց` համերգին մասնակցելու համար` մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: Հայ պարբերական մամուլին մատուցած ծառայությունների, հայապահպանության գործում բեղմնավոր գործունեության, հայ-ուկրաինական հոգևոր-մշակութային կապերի զարգացման բնագավառում ունեցած վաստակի համար Կիևում հրատարակվող «Արագած» երկլեզու թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ժենյա Ծատուրյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Ընդունելությանը համերգային ծրագրով հանդես եկավ «Կիև կլասիկ» սիմֆոնիկ նվագախումբը:

Նմանատիպ նյութեր