95299 դիտում
10:17 22-12-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը 250 մետր շրջվելով՝ կողաշրջվել է ճանապարհին. վարորդի և ուղևորի դիերը հայտնաբերվել են մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 34 ZP 740 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեպի Տաշիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշի, այնուհետև գլխիվայր շրջվել ու մոտ 250 մետր առաջ ընթացել ու կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 28-ամյա Սպարտակ Գալստյանը և Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչ, 15-ամյա Սեյրան Պողոսյանը տեղում մահացել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներն ավտոմեքենայից դուրս են շպրտվել և նրանց դիերը ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են քաղաքացիները:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, անջատել մարտկոցը, հետո դարձի բերել ավտոմեքենան ու կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, ինչպես նաև նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Ղազախեցյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքերը ղեկավարել է Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Գեղամ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մեքենան պատկանել է տեղի մաքսատան աշխատակից, «Տամոժնիայի Գագո» մականվամբ այդ քաղաքացուն և մեքենան վաճառել են, ու գնորդը մեքենան վերցրել և ասել է, որ ուզում է փորձարկի, իսկ որոշ ժամանակ անց արդեն տեղեկացվել է վթարի մասին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գալստյանը պայմանագրային զինծառայող էր և ծառայում էր N զորամասում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+