211652_close_icon
views-count2818 դիտում article-date 18:47 20-01-2016

Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հունվարի 20-ին նախարարը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ: Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն փոստային ոլորտում, կթողարկեն համատեղ նամականիշ, միջազգային հարթակում կընդլայնեն փոստային կապերը, կանցկացվեն ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ: Երկու երկրների միջև կստեղծվի նաև ինտերնետային գնումների հնարավորություն։ Գնված ապրանքները կառաքվեն փոստային ծառայությունների միջոցով: ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ հայկական պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի և կապի ոլորտներում ընդլայնել համագործակցությունը: Անդրադառնալով երեք շաբաթ առաջ ԻԻՀ կապի նախարարության պատվիրակության Հայաստան կատարած այցին, Վաեզին հավելել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում կապի ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցությունների ծավալը չորս անգամ ավելացել է և իրանական կողմը պատրաստ է այն ավելացնել 14 անգամ: Այցի ընթացքում Գագիկ Բեգլարյանը հանդիպել է նաև ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ: Գագիկ Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների համագործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել. «ՀՀ-ում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղի: Հույս ունենք, որ մինչև 2018թ. շահագործման կհանձնենք Երևան-Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջև ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սև ծով հասցնելուն»: ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարարը նկատել է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջև բեռանփոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել: 10 հազար բեռնատարներ Իրանից ուղևորվել են դեպի Հայաստան, և ևս 2 հազարը` հակառակ ուղղությամբ: Երկու երկրների միջև երթևեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը: «Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-ասել է Աբբաս Ախունդին: Նախարարի այցն Իրան շարունակվում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր