211652_close_icon
views-count2165 դիտում article-date 21:20 20-01-2016

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Չեռնոգորիա

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի նախագահը կարևորեց Հայաստանից առաջին բարձրաստիճան այցելությունը Պոդգորիցա՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը։ «Միջազգային համաժողովների շրջանակներում ես շատ հանդիպումներ եմ ունեցել բարեկամ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և հույս ունեմ, որ այս այցի արդյունքում երկկողմ փոխայցելությունները և համագործակցությունն առավել կակտիվանան»։ Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Չեռնոգորիայի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու Երևան այցելելու հրավերը։ Հանդիպմանը երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի և Չեռնոգորիայի ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունը լավ հիմք է հանդիսանում՝ հարաբերությունների զարգացման և առկա ներուժի ամբողջական օգտագործման համար։ Քննարկվեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար համաժողովների անցկացման, ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիները: Այս առումով զրուցակիցները կարևորեցին Երևանի և Պոդգորիցայի միջև դեռևս 1978թ. կնքված համագործակցության մասին համաձայնագրի թարմացումը և երկու երկրների վարչատարածքային միավորների միջև կապերի հաստատումը։ Պոդգորիցայում կայացան Էդվարդ Նալբանդյանի և Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի բանակցությունները: Դեմ առ դեմ ձևաչափով հանդիպմանը հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Չեռնոգորիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորհրդանշական համարեց, որ բարեկամ Հայաստանի արտգործնախարարը 2016թ. Պոդգորիցա այցելող առաջին ԱԳ նախարարն է, և վստահություն հայտնեց, որ ացելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Շնորհակալություն հայտնելով Իգոր Լուկշիչին այցելության հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Նալբանդյանն ասաց. «2013թ. Հայաստան Ձեր այցելությամբ հիմք դրվեց մեր երկու բարեկամ պետությունների միջև շարունակական քաղաքական երկխոսությանը: Այժմ ուրախ եմ գտնվել Պոդգորիցայում` Հայաստանից Չեռնոգորիա առաջին պաշտոնական այցելությամբ»: Բանակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խթանումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը, համագործակցության զարգացումը կրթական, գիտական, մշակութային, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում երկու մայրաքաղաքների միջև գործընկերության համաձայնագրի թարմացման անհրաժեշտությանը: Քննարկվեցին նաև երկու արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման հետ կապված հարցեր: Չեռնոգորիայի փոխվարչապետը ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Բալկանյան թերակղզում տեղի ունեցող գործընթացները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։ Հայաստանի և Չեռնոգորիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, Մերձավոր Արևելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ պայքարին: Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամլո ասուլիս: Չեռնոգորիայի փոխվարչապետը պաշտոնական ճաշ տվեց Հայաստանի արտգործնախարարի պատվին։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեռնոգորիայի Ազգային ժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև համագործակցության զարգացման, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության խթանման շուրջ, ընդգծվեց խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը: Անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում համագործակցության սերտացմանը: Հայաստանի արտգործնախարարը Չեռնոգորիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը Ռանկո Կրիվոկապիչին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր