211652_close_icon
views-count868 դիտում article-date 19:59 11-02-2016

Սողանքային կառավարման ծրագրի արդյունքները գոհացուցիչ են. ՀՀ ՏԿԱԻՆ

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի հանդիպումը: Նպատակն էր ծրագրի միջանկյալ գնահատող խմբի ուսումնասիրությունների և հաշվետվության քննարկումը: Հանդիպման մասնակիցներին ՏԿԱԻՆ վարչական համալիրի դահլիճում ողջունեց ծրագրի ղեկավար, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Սողանքների կառավարման ծրագրի առաջին փուլում իրականացվել են սողանքի դեմ պայքարի պիլոտային ծրագրեր Առափի և Գետահովիտ համայնքներում: JICA-ի տնօրենի ավագ տեղակալ Յուկիհիկո Էջիրին, ողջունելով միասնական համակարգող հանձնաժողովի մասնակիցներին, նշեց, որ սողանքային աղետի կառավարման ծրագիրը բավական հաջող է ընթանում Հայաստանում, և առաջին փուլի արդյունքները բավական գոհացուցիչ են: Ս. Ազարյանը բարձր գնահատեց 2014 թվականից JICA-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունավետությունը: Նրա խոսքով` ակնառու առաջընթաց է գրանցվել սողանքների ռիսկի կառավարման գործընթացում: Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ փրկարար ծառայության կազմում ստեղծվել է հորատման թիմ, և վերապատրաստամ արդյունքում փրկարարներն արդեն հնարավորություն ունեն կիրառել հորիզոնական հորատման համար նախատեսված տեխնիկական միջոցներ: Գնահատման հաստատված չորս չափանիշներով (արդյունավետություն, համապատասխանություն, գործունություն, շարունակականություն) JICA-ի միջանկյալ գնահատող խումբը տվել է բարձր գնահատական, իսկ ծրագրի ազդեցությունը գնահատվել է դրական: JICA-ի փորձագետները ներկայացրեցին նաև ծրագրի իրականացման հետ կապված մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում էին ծրագրի արդյունավետությանը, շարունակականությանը, յուրացված հմտությունների փոխանցմանը, սողանքների դեմ պայքարի միջացառումների ընթացքում իրավական ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Հանդիպման ավարտին ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տնօրենի ավագ տեղակալ Յուկիհիկո Էջիրին ստորագրեցին միջանկյալ գնահատող խմբի հաշվետվության և հանդիպման վերաբերյալ համատեղ արձանագրություն:

Նմանատիպ նյութեր