211652_close_icon
views-count1648 դիտում article-date 17:44 27-04-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով և առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ և դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդն անդրադարձել է տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ-ում կիրառել միջազգային փորձը և լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը, նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առևտրայնացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի նորարար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների աճ, կխրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունն ու զարգացումը: Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել հարցը և դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման հնարավորության ուղղությամբ ներկայացնել առաջարկություն: Քննարկվել են նաև ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում. առաջիկայում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հստակ կնախատեսվեն ընկերությունների վերագրանցումների, բաժանումների և միաձուլումների համար նախատեսվող քայլերը, որպեսզի պատկան մարմինը հնարավորություն չունենա դրսևորել հայեցողական լիազորություն: Այնուհետև խորհուրդն անդրադարձ է կատարել խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության կարգին և տեխնիկական այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր