211652_close_icon
views-count1283 դիտում article-date 18:30 22-06-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւորել նրանց անցած ուղին, ձեռքբերումները եւ դերը Սփյուռքի հայապահպանության գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Սփյուռքի ներդրումը եւ այս համատեքստում կարեւորել ողջ հայության համատեղ ջանքերը: Սերխիո Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կուսակցությունն իր գործունեությամբ այսուհետ եւս կնպաստի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը: Ըստ նրա՝ իրենք անում են հնարավորը, որպեսզի Սփյուռքում ապրող հայերը մշտապես հաղորդակից դառնան հայ մշակույթին, կրթությանն ու հոգեւոր արժեքներին: Նա եւս կարեւորել է Սփյուռքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում եւ վստահեցրել, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական կլինեն: Գալուստ Սահակյանը Սերխիո Նահապետյանից հետաքրքրվել է, թե ինչպիսին են կուսակցության հայաստանյան կառույցի հետ իրենց կապերն ու համագործակցությունը: Սերխիո Նահապետյանը նշել է, որ իրենք կուսակցության հայաստանյան կառույցի կողքին են եւ մշտապես պատրաստ են համագործակցել եւ աջակցել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կուսակցության` հայրենիքում եւ արտերկրում գործող կառույցների միջեւ համագործակցված աշխատանքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր