2191 դիտում
19:19 27-06-2016
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի առթիվ Մերձավոր Արևելքի երկրներից Հայրենիք ժամանած մանուկներին և պատանիներին
Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի առթիվ Մերձավոր Արևելքի երկրներից Հայրենիք ժամանած մանուկներին և պատանիներին:
Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները հունիսի 25-ին ներկա էին գտնվել Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանը:
Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Եգիպտոսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, Իսրայելից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիներն իրենց հետ բերել էին հող և ջուր: Հռոմի Պապի համար պատրաստվել էր նվեր՝ Արարատ լեռան վրա իջած Նոյյան տապանի մանրակերտը: Խորհրդանշական էր, որ երեխաները իրենց հետ բերած հողով ծածկեցին խաղողի որթի արմատները, իսկ երկու հայրապետները երեխաների բերած ջրով ջրեցին այն:
Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին և ուսուցիչներին, ովքեր, անսալով ՀՀ սփյուռքի նախարարության կոչին, եկել էին Հայաստան:
«Դուք դարձաք բազմամիլիոն Սփյուռքի այն ընտրյալ ներկայացուցիչները, ովքեր Հայրենիքում մոտիկից տեսան Հռոմի Ֆրանցիսկոս Պապին: Պահը իսկապես պատմական էր և հուզումնալի, որովհետև դուք Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից եկած այն ընտանիքների ժառանգներն եք, ովքեր 101 տարի առաջ փրկվել են Հայոց ցեղասպանությունից», - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:
ՀՀ սփյուռքի նախարարը երեխաներին կոչ արեց չմոռանալ և կատարել Ֆրանցիսկոս Պապի պատգամները՝ լինել բարի, սիրել մերձավորներին, Հայրենիքը, լավ սովորել: «Ուզում եմ, որ հիշեք նաև Պապի՝ հզոր միտք և քարեղեն հավատ ունենալու մասին հորդորը: Հիշե՛ք և ավելի՛ շատ սիրեք մեր եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», -ասաց նախարարը:Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան երեխաները: Լիբանանից եկած 9-ամյա Քրիստափոր Հաբիբյանն ասաց. «Ես չէի կարող պատկերացնել, որ հենց իմ Հայրենիքում բախտ կունենամ տեսնել Պապին:
Ես ուզում եմ դառնալ Վարդապետ: Ինձ համար անմոռանալի րոպեներ ապրեցի»: Եգիպտոսից ժամանած Թինա Մազլումյանը նշեց, որ Հռոմի Պապից խնդրել է աղոթել աշխարհի խաղաղության համար: Իսրայելից եկած Պերճ Քեչուկյանը հավելեց. «Շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ Հռոմի Պապի հետ հանդիպման բացառիկ առիթ ընձեռեց»:
Հանդիպման ավարտին մանուկները խոստացան առավել հաճախ գալ Հայաստան, ճանաչել Հայրենիքը, հայրենի մշակույթն ու ավանդույթները և պահպանել կապը հայրենիքի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»