211652_close_icon
views-count4066 դիտում article-date 23:19 29-08-2017

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին՝ «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանի գլխավորությամբ: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց Կանադայի հայ համայնքի համագործակցությունը նախարարության հետ, ինչի արդյունքում համայնքը շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում Արցախի Հանրապետության թե՛ Պաշտպանության բանակին, թե՛ բուժհիմնարկներին և թե՛ սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Նա նշեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք շարժմանը միանալու մեր կոչին և այսօր Հայաստանում եք, ավելին, շուտով կմեկնեք Արցախ և այնտեղ կնշեք մեր երկրորդ Հանրապետության անկախության տարեդարձը: Կանադահայ համայնքը միշտ ակտիվ մասնակցում է Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերին: Ձեզանից ամեն մեկն իր մասնակցությունն է բերում Արցախի զարգացման և շենացման գործին: Եթե 18-ամյա մեր երիտասարդներն իրենց արյան գնով պաշտպանում են մեր սահմանները, ապա մենք էլ պարտավոր ենք աջակցել նրանց ու նրանց ընտանիքներին, որպեսզի հնարավորինս բարեկեցիկ և ապահով ապրեն»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Վահագն Գարագաշյանին՝ կանադահայերի այցը Հայրենիք կազմակերպելու համար: Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ մեր զինվորների կողմից առանձնակի ոգևորությամբ են ընդունվել Սփյուռքում ու նաև Կանադայում ապրող հայ մանուկների նամակները՝ ուղղված իրենց: «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանն ակտիվ մասնակցության համար նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր հանձնեց կանադահայեր Գրիգոր Տեր-Ղազարյանին, Վարուժան Մանջյանին, Գրիգոր Կույումջյանին, Լևոն Բենգյանին, Օհան Տաբակյանին և Վարդի Դանիելյանին: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան պարգևատրված կանադահայերը և նշեցին, որ իրենց համար այս շրջագայությունն առանձնահատուկ նշանակություն ունի: Օհան Տաբակյանն ընդգծեց, որ հուզումի և հպարտության բացառիկ պահեր է ապրում՝ տեսնելով օրեցոր զարգացող ու գեղեցկացող Երևանը: Վարդի Դանիելյանը հավելեց, որ ուզում է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և իր սեփական տունն ունենալ Հայրենիքում: Լևոն Բենգյանը նախարար Հրանուշ Հակոբյանին հավաստիացրեց, որ կանադահայ համայնքը սիրով է մասնակցում նախարարության բոլոր ծրագրերին: Վահագն Գարագաշյանը նշեց. «Տիկի՛ն Հակոբյան, շնորհակալ ենք, որ գնահատեցիք մեզ և աջակցեցիք Հայաստան և Արցախ մեր այս տարվա շրջայցը կազմակերպելուն»: Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր