211652_close_icon
views-count3607 դիտում article-date 23:45 01-07-2016

Երևանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Աջափնյակ վարչական շրջանում

Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի 2016թ. ծրագրերով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը նախ այցելել է Սիլիկյան խճուղուց «Հաղթանակ» թաղամաս տանող ճանապարհի շինհրապարակ: Քաղաքապետին զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին կապող, նախկինում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհահատվածը հիմնանորոգվում է: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր՝ հատկապես հաշվի առնելով, որ ճանապարհահատվածը կապում է «Շահումյան 1» և «Շահումյան 2» գերեզմանատներն ու նաև ապահովում դեպի «Սպանդարյան» և «Հաղթանակ» գերեզմանատներ տանող ճանապարհի երթևեկը: Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է գործն ավարտել նախատեսված ժամկետներում ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակը: «Վերջին 20 տարիների ընթացքում այս ճանապարհահատվածում ընդամենը մասնակի նորոգումներ էին իրականացվել և, իրոք, անմխիթար վիճակում էր այս ճանապարհը: Հարևանությամբ տարբեր գերեզմանատներ են, և ճանապարհի այդ վիճակը բավականին խոչընդոտներ էր ստեղծում այստեղ այցելող մեր համաքաղաքացիների համար: Ըստ այդմ, որպես առաջնահերթություն, այս աշխատանքները ևս ներառեցինք մեր այս տարվա բարեկարգման ծրագրում և, ինչպես տեսնում եք, այն արդեն ընթացքի մեջ է: Աշխատանքների ավարտից հետո այս ճանապարհը կդառնա նաև Աջափնյակ և Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող կարևոր հանգույց, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների երթևեկության բեռնաթափմանը», - ընդգծել է քաղաքապետը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Շիրազի 10 շենքի բակային տարածք, որտեղ ընթանում են բակի բարեկարգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ ծրագիրը կյանքի կոչելու համար բակային տարածքից ապամոնտաժվել է 12 մետաղյա և 1 քարե ավտոտնակ: Բարեկարգման շնորհիվ բակային այս տարածքը կդառնա հանգստի յուրօրինակ կենտրոն՝ կահավորված նստարաններով, զրուցարաններով, ժամանակակից խաղային ատրակցիոններով ու մարզական գույքով: Բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ բակերի բարեկարգման ծրագիրը հետևողականորեն շարունակելու համար` ընդգծելով, որ անհամբերությամբ են սպասում աշխատանքների ավարտին ու բարեկարգ բակ ունենալուն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի ծրագրային բոլոր դրույթներն ուղղված են հարմարավետ ու գրավիչ մայրաքաղաք ունենալուն: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն բնակիչներին, ովքեր դարձել են քաղաքապետարանի գործընկերն ու իրենց սեփական նախաձեռնությամբ են ազատում զբաղեցրած տարածքները: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ըմբռնումով են մոտենում բակերի բարեկարգման մեր ծրագրին և հաճախ անգամ իրենց ավտոտնակներից են հրաժարվում՝ բարեկարգ բակ ունենալու համար: Իսկապես լավ ավանդույթ է ձևավորվել. բնակիչների հետ մեր համագործակցված աշխատանքն արդյունավետ է ու հաջողված»,- ընդգծել է քաղաքապետը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր