211652_close_icon
views-count1700 դիտում article-date 15:08 21-07-2016

Հանրապետության մի շարք համայնքներում ուժեղ քամու, կարկտահարության և հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին տրվող աջակցությունը շարունակվում է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն աջակցություն է ցուցաբերել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամու և կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին: Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, հենապատեր: Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով կառավարության որոշմամբ տրամադրվել է մոտ 22 մլն դրամ, Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ: Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևի պատճառով դժվարանցանելի են դարձել Հ30-Անտառամեջ և Հ30-Կալավան մարզային նշանակության ճանապարհները, որոնց պաստառը վերականգնելու համար հատկացվել է համապատասխանաբար 4 մլն և 6 մլն դրամ: Անձրևի և կարկտի հետևանքով անանցանելի են դարձել Կարճաղբյուրի ներհամայնքային ճանապարհները, որոնց նորոգման նպատակով տրամադրվել է 5 մլն դրամ: Եվս 55 մլն դրամ է հատկացվել Կապան քաղաքի վնասված ճանապարհների վերականգնման համար:

Նմանատիպ նյութեր