211652_close_icon
views-count3440 դիտում article-date 15:42 05-09-2016

Հայ առաքելական եկեղեցում «սևով» աշխատող քահանանե՞ր կան. aravot.am

aravot.am կայքը հրապարակել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հոդվածը. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սահմանադրորեն ճանաչված է որպես հանրային նշանակության կազմակերպություն: Բացի այդ, նա գործում է պետությունից անջատ, ինչն իր հերթին նշանակում է, որ եկեղեցին ազատված է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից: Այս իմաստով, եկեղեցում չգրանցված սարկավագ, դպիր, քահանա կամ անգամ մոմավաճառ պահելը, առաջին հայացքից, թվում է, թե անիմաստ է: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Գործունեությանս բերումով, ՀՀ քաղաքացիներից մեկի իրավունքները պաշտպանելիս, անհրաժեշտություն առաջացավ հարցումով դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հարցերիցս մեկը վերաբերում էր գործող քահանաներից մեկին, որի քաղաքացիական անունն է Հակոբ Հովհաննիսյան, իսկ եկեղեցականը՝ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Սուրբ Էջմիածնից հարցմանս թերի պատասխանը ստացվեց միայն այն ժամանակ, երբ արդեն դիմել էի դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին պատասխանելու պարտավորեցնելու մասին հայցադիմումով, և այդ ամենը հրապարակել էի մամուլում: Մի կողմ դնենք նաև այն, որ թվով 7 հարցերից պատասխանվել էր միայն 2-ին: Դա այս պարագայում կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից հարցմանս արձագանքած կաթողիկոսարանի հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Երեմիա աբեղա Աբգարյանը հարցմանը պատասխան գրության մեջ գրում է, որ «Հակոբ Հովհաննիսյան անուն, ազգանունով անձ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ծառայություն չի իրականացնում»: Գնացի Արգավանդում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցի: Զրուցեցի եկեղեցու օժանդակ աշխատակիցների հետ: Ասացին, որ Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը այդ եկեղեցու քահանան է և այդտեղ է ծառայում մոտ 10 տարի: Ավելին, այս տարվա սեպտեմբերի 4-ին անձամբ ներկա գտնվեցի Հակոբ Հովհաննիսյանի կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մատուցած սուրբ պատարագի արարողությանը: Բացի այդ, համացանցից բավականաչափ տվյալներ գտա քահանայի մասին: Օրինակ, qahana.am կայքում ծանոթացա հիշյալ քահանայի համառոտ կենսագրությանը: Եվ այդպիսի շատ ապացույցներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ կաթողիկոսարանը գրավոր պնդում է, որ այդպիսի անձ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում չի ծառայում: Բերված փաստերի համադրումից հստակ է, որ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը կամ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը ամեն Աստծո օր ծառայում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որպես քահանա: Առաջինն, ինչ կարող է անցնել մարդու մտքով դա այն է, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցին չի պատկանում Հայ Առաքելական եկեղեցուն և հանդիսանում է աղանդավորական կառույց: Այս վարկածը սակայն միանգամից հերքվեց, քանզի Արարատյան թեմի պաշտոնական կայքում այդ եկեղեցին բազմիցս հիշատակվում է: Եվ եթե բացառենք անտրամաբանական մի շարք վարկածներն, ապա մնում է երկու հիմնական վարկած՝ կամ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը (Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը) «սևով է» ծառայում եկեղեցում, կամ էլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին միասնական կառույց չէ և կաթողիկոսարանը չի տիրապետում կառույցների և ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը»: [b]Մանրամասն՝ [url=http://www.aravot.am/2016/09/05/732102/]aravot.am[/url] կայքում:[/b]

Նմանատիպ նյութեր