211652_close_icon
views-count2185 դիտում article-date 10:23 06-09-2016

Հինգշաբթի հայտնի կդառնա, թե ինչ են պատրաստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» թերթը գրում է. «Այս հինգշաբթի Մոսկվայում տեղի կունենա ԼՂՀ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Դրանից ակնհայտ կդառնա, թե երեկ տեղի ունեցած Վլադիմիր Պուտին-Բարաք Օբամա հանդիպման ժամանակ որքան նշանակություն է տրվել ԼՂՀ խնդրի կարգավորմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում՝ Չինաստանի Հանչժոու քաղաքում: Ու թեև մեծ քսանյակի շրջանակներում երբևէ Արցախի հիմնահարցը չի քննարկվել, այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների շարքում հիշատակվում է իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում: Այս բացառությունը, թերեւս, պայմանավորված է այդ հակամարտությանը գերտերությունների անմիջական մասնակցությամբ, որոնք քսանյակում են: Իսկ ԼՂՀ խնդրին անդրադարձը գուցե ակնարկների մակարդակով հնչած լինի: Իսկ թե կոնկրետ ինչպիսի բովանդակությամբ, կպարզվի, երբ համանախագահողները մոսկովյան խորհրդակցությունից հետո հրապարակեն բանակցությունների առաջիկա շարունակության վերաբերյալ իրենց տեսլականը: Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից իր թվիթերյան էջում սեպտեմբերի 3-ին կատարած գրառումը՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղությունը հնարավոր է», վկայում է, որ համանախագահողները ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու հստակ ծրագիր ունեն: Իսկ թե այն մեզ համար ինչ հեռանկարներ է խոստանում, պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու ամիսներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր