211652_close_icon
views-count2232 դիտում article-date 19:05 12-09-2016

Պետք է հնարավորինս շուտ ստորագրենք Եվրամիության հետ համագործակցության նոր համաձայնագիրը. Ստեփան Գրիգորյան

Հայաստանը պետք է շարունակի տարբեր ծրագրեր իրականացնել ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսի կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ժամանակ: «ՆԱՏՕ-ն մեզ օգնում է, որպեսզի մեր բանակի կառավարումն ուժեղանա, կապի հնարավորությունները զարգանան, այլ ծրագրեր է իրականացնում: Մենք պետք է շարունակենք այդ ծրագրերը, քանի որ ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները շատանում են, իսկ եթե դու աշխատում ես միայն մի երկրի հետ ու միայն մի համակարգում, այդ մարտահրավերներին հնարավոր չէ պատասխանել»,- նշեց քաղաքագետը: Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմը պետք է դաս լինի հայկական կողմի համար: «Որքան էլ մենք հուժկու հակահարված տվեցինք հակառակորդին, բայց ինչ-որ չափով մենք պատրաստ չէինք այդ պատերազմին: Դրա համար և՛ անվտանգության, և՛ տնտեսության ոլորտներում պետք է դիվերսիֆիկացիա լինի: Մենք աշխատել ենք ՆԱՏՕ-ի հետ, համագործակցել ենք, միշտ կողմնակից ենք, որ Հայաստանը ակտիվ համագործակցի Եվրամիության հետ: Մենք պետք է աշխատենք հնարավորինս շուտ Եվրամիության հետ ստորագրել համագործակցության նոր համաձայնագիրը՝ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Նրա գնահատմամբ՝ վտանգ կա, որ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ ուղղված նոր քայլերի կգնա, ուստի հարկավոր է դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը՝ աշխատելով ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ:

Նմանատիպ նյութեր