Ստամբուլում բողոքի ցույց է տեղի ունեցել ազատ մամուլը լռեցնող իշխանությունների դեմ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել ազատ մամուլը լռեցնել փորձող թուրքական իշխանությունների դեմ: Այս մասին հայտնում է imctv.com.tr-ը:
Ցույցին մասնակցել են իշխանությունների կողմից փակված 12 հեռուստաալիքի և 11 ռադիոկայանի աշխատակիցներ, որոնք վանկարկել են «Չե՛ք կարող լռեցնել ազատ մամուլը»:
Նշենք, որ նախօրեին հակապետական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով փակվել է 12 մասնավոր հեռուստաալիք: Հեռուստաալիքների ղեկավարությունները, մասնավորապես, մեղադրվել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ/PKK) խմբավորմանն աջակցելու և նրանց քարոզչությամբ զբաղվելու համար: Փակված հեռուստաալիքների մեծ մասը հեռարձակվում էին Արևմտյան Հայաստանի մի շարք քրդաբնակ շրջաններում և ունեին քրդալեզու հաղորդումներ: