211652_close_icon
views-count4396 դիտում article-date 22:16 28-11-2016

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ Ռոստով քաղաքում հարգանքի տուրք է մատուցել ՀՀ զինված ուժերի ձևավորման և կայացման գործում մեծ դերակատարություն ունեցող գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեասյանի և գեներալ-գնդապետ Լև Շուստկոյի հիշատակին, ծաղիկներ է դրել նրանց հիշատակին տեղադրված հուշատախտակների մոտ, զրուցել է գեներալներ Անդրեասյանի և Շուստկոյի այրիների հետ: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ռոստով քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 28-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Ռոստով քաղաքի զոհված զինծառայողների հուշահամալիրում: Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին: Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել է օկրուգի ղեկավարման և կառավարման համակարգին: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ: Օրվա երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Նմանատիպ նյութեր