Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ․ հետաքրքիր փաստեր
Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները։ Այս ստեղծագործությունները նախատեսված են եղել 1 երեկոյի ընթացքում կատարելու համար։
Սիմֆոնիաներից ամենատարածվածների շարքում է №40՝ սոլ մինոր սիմֆոնիան։ Այն քնարական է, բաղկացած է 4 մասից, որոնք գրված են դասական սիմֆոնիայի սկզբունքով։
Սիմֆոնիան նախաբան չունի։ Անմիջապես սկսվում է առաջին մասից։ Երկրորդ մասը դանդաղ է, երգային, հանգիստ։ Երրորդ մասը կոչվում է մենուետ, բնույթով աշխույժ է։ Չորրորրդ մասը աշխույժ է, սրընթաց։ Ի տարբերություն Հայդնի, Մոցարտի սիմֆոնիաները ունեն ընդհանուր գաղափար։
1791 թ. վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը սակայն չի հասցնում ավարտել։ Այն համարվում է համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից։
Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ։ Այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր։ Եվ նա հասկացավ, որ այդ ռեքվիեմը գրում է հենց իր համար։ Այդ ստեղծագործությունը խլում է նրա վերջին ուժերը։ Չնայած հանճարեղ երաժիշտ լինելուն, նա միշտ ապրել է նյութական ծանր պայմաններում։
Մոցարտը մահացել է 1791 թ. դեկտեմբերի 5-ին, 36 տարեկանում, հնարավոր է, որ երիկամային վարակից։ Մոցարտը թաղվել է Ս. Մարկոսի գերեզմանատանը ընդհանուր շիրմափոսում, ուստի թաղման ճիշտ տեղը անհայտ է։
Վերջին ավարտուն ստեղծագործությունը եղել է «Կախարդական սրինգը» օպերան։