211652_close_icon
views-count2400 դիտում article-date 20:20 05-12-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ողջունելով հյուրերին` նախարար Առաքելյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Իր հերթին դեսպան Միլսը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բարձր է գնահատում գյուղատնտեսության նախարարության հետ ունեցած երկարամյա գործընկերությունը, որի հիմքում Հայաստանի տնտեսական դրության բարելավման ու գյուղական բնակավայրերի ու խոցելի խմբերի բնակիչների համար երաշխիքների ապահովման ընդհանուր նպատակն է: «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի խթանմանն ուղղված մեր համատեղ ջանքերը կարևոր են երկուստեք. մենք գիտակցում ենք, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կա ներուժ և պատրաստ ենք առաջիկա տարիներին մեր ներդրումն ունենալ առավել ներառական ու ինքնաբավ տնտեսական զարգացման հարցում: Ես իրապես ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը»,-հավելել է Ռիչարդ Միլսը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքը: Պարոն Միլսը մասնավորապես առանձնացրել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի օժանդակությամբ Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը, որի արդյունքների հրապարակումը տեղի կունենա առաջիկայում: Այս համատեքստում կողմերը կարևորել են հանրային լայնածավալ իրազեկում կազմակերպելու հարցը: Կողմերն անդրադարձել են նաև գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության բարձր որակի ապահովման խնդրին` կարևորելով «Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի» գործունեությունը, քննարկել դրա հետագա ֆինանսավորման հնարավորությունները: Հանդիպման շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ԱՄՆ դեսպանը նաև մտքեր են փոխանակել ոլորտում ապահովագրության ներդրման, ջրի խնայողատար համակարգերի կիրառման և երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր