Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ն խզի միջուկային գործարքը. Իրանի նախագահ
Իրանական վարչակազմը և ժողովուրդը թույլ չեն տա, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի և 6 գերտերությունների միջև նախորդ տարի կնքված միջուկային գործարքը խզի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդել է իրանական IRINN TV-ն։
Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը շատ շուտով կհաղթահարի նաև իր առջև կանգնած մյուս խնդիրները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատը նոյեմբերի 29-ին օրինագիծ ընդունեց, որը 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Օրինագծին կողմ է քվեարկել սենատորների գերակշիռ մասը։ Իսկ ավելի վաղ փաստաթղթին գրեթե միաձայն կողմ էր քվեարկել Ներկայացուցիչների պալատը։
Փաստաթուղթն ուղարկվելու է նախագահ Բարաք Օբամային՝ վավերացնելու համար, ով, ինչպես կանխատեսում են, այն կստորագրի մինչև իր՝ 2017 թվականի հունվարի 20-ին լիազորությունների ավարտը։