211652_close_icon
views-count2488 դիտում article-date 10:47 14-12-2016

Երաժիշտ Վահան Արծրունուն հրավիրել են ԱԱԾ և «զրուցել» քաղաքականության մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երաժիշտ Վահան Արծրունին նախօրեին ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, ի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին: Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ «ուղղակի զրույց է»: Այս «ուղղակի զրույցից» հետո երգչի ֆեյսբուքյան էջն ընկերների համար արգելափակվել է: Այդ մասին նա հայտնեց մեզ հետ զրույցում. «Առաջին հարցը, որ տվել եմ ԱԱԾ-ում, եղել է հետևյալը. մեր հանդիպումն արդյոք Սահմանադրության խախտո՞ւմ չէ: Պատասխանը եղել է հետևյալը. սա ընդամենն ընկալեք որպես զրույցի հրավեր: Ես դա կարող եմ զրույցի հրավեր ընդունել լրագրողից, և ինձ պարզ կլինի այդ զրույցի բնույթը, բայց երբ ինձ հրավիրում են զրույցի և դա տեղի է ունենում ԱԱԾ-ում, սա սկսում է ինձ լուրջ անհանգստացնել»,- ասաց երաժիշտը: Վահան Արծրունին մեզ հայտնեց, որ ամռանը Խորենացի փողոցում չի եղել: «Ընդամենը Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգ կար հրավիրված Թատերական հրապարակում, որին ես իմ մասնակցությունը բերել եմ: Բայց ես նույնկերպ իմ մասնակցությունը բերել եմ Աշոտ Նավասարդյանի հիշատակի համերգին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին և մեծ քանակությամբ այլ համերգների, որոնք առնչություն ունեն մեր կյանքի հետ: Դա ևս թույլ չեմ տա քաղաքականացնել: Համերգը՝ համերգ, քաղաքական հարթակը՝ քաղաքական հարթակ, քաղաքացիական իրավունքները՝ քաղաքացիական իրավունքներ»,- ասաց երաժիշտը: Նշենք, որ որ ԱԱԾ-ում Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որևէ գործ չի քննվում, հետևաբար այդ իմաստով անհասկանալի է Վահան Արծրունու մասնակցության վերաբերյալ հետաքրքրասիրությունը: Մենք փորձեցինք այդ կառույցից պարզել, թե ինչ գործով է զրույցի հրավիրվել Արծրունին: Պատասխան դեռևս չունենք: Վահան Արծրունին երեկ երեկոյան դիմել է ՄԻՊ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր