Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են Սողոմոն թագավորի ղեկավարման ժամանակաշրջանի բերդ-ամրոցի փլատակներ
Իսրայելի Տիմնա հարթավայրում հնագետները հայտնաբերել են Դավիթ և Սողոմոն թագավորների ղեկավարման ժամանակաշրջաններին պատկանող բերդ-ամրոցի փլատակներ, որտեղ կան նաև ավանակների ախոռներ, ինչը ցույց է տալիս, որ գոյություն է ունեցել պաշտպանական համակարգի բարձր կազմակերպվածություն և կարևորություն է տրվել հեռավոր բնակավայրերի հետ առևտրին։ Այդ մասին նշված է The Journal of Archaeological Science-ում։
Բերդը վերագրվում է մ.թ.ա. 10-րդ դարին և գտնվում է Սողոմոն թագավորին պատկանած պղնձի հալեցման ճամբարներից ոչ հեռու։
«Չնայած Հին Կտակարանում հստակ նկարագրություն չկա Սողոմոն թագավորին պատկանող հանքերի մասին, սակայն նրանում պարունակվում է տեղեկություն այն մասին, որ Արաբայի հովտում իսրայելցիների ու եդոմացիների միջև հակամարտություն է տեղի ունեցել դրա հետ կապված»,-նշում է դոկտոր Էրեզ Բեն-Յոզեֆը, ով գլխավորում է հնագետների խումբը։