211652_close_icon
views-count1045 դիտում article-date 14:26 17-06-2023

Գերմանիայում հնագետներն ավելի քան 3000 տարի առաջ պատրաստված և հիանալի պահպանված թուր են հայտնաբերել

Գերմանացի հնագետները հայտնաբերել են աներևակայելի լավ պահպանված հնագույն թուր, որն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է բրոնզե դարում՝ ավելի քան 3000 տարի առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին։

Ութանկյուն բռնակով բրոնզե թուրը, որը գտնվել է Նորդլինգեն քաղաքի հնագիտական պեղումների վայրում, պատրաստվել է մ.թ.ա. 14-րդ դարի վերջին: Գտածոն այնքան լավ է պահպանվել, որ, ըստ Բավարիայի հուշարձանների պահպանության պետական գրասենյակի, տակավին չի կորցրել իր փայլը: Թուրը, ինչպես նաև նույն դարաշրջանի բազմաթիվ այլ բրոնզե առարկաներ, թաղվել են երեք անձանց՝ տղամարդու, կնոջ և մանկահասակ տղայի աճյունների հետ:

Նման գտածոյի բացառիկությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում նրա ծագման վերաբերյալ: Բավարիայի իշխանությունները պնդում են, որ նման թուր ստեղծելը շատ դժվար գործ է եղել և պահանջել է հատուկ հմտություն, քանի որ ութանկյուն բռնակը ձուլվել է առանձին, այնուհետև միացվել պատրաստի սայրին:

Ըստ հնագետների՝ Նորդլինգենյան թուրը դժվար թե օգտագործվեր մարտերի ժամանակ, սակայն դրա տերը ակնհայտորեն կրում էր այն որպես մարտական զենք, և ոչ որպես զարդարանք:

Նմանատիպ նյութեր