211652_close_icon
views-count6020 դիտում article-date 10:56 26-01-2017

Զինվորի զորացրման ժամկետից 16 օր անց հրամանատարությունը հրաժարվում է նրան տուն ուղարկել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ-ում (Քարվաճառի Յանշակ գյուղում) ծառայող Երևանի բնակիչ Ավետիք Իսահակյանի զորացրման ժամկետից 16 օր է անցել, սակայն հրամանատարությունը հրաժարվում է նրան տուն ուղարկել՝ պահանջելով վերանորոգել ՊՆ-ին պատկանող «ԶԻԼ»– ը։ Մեզ հետ զրույցում այսպիսի ահազանգ հնչեցրեց զինվորի հայրը՝ Իշխան Իսահակյանը։ «Այսօր նորից զորացրման օր էր, տղայիս չեն զորացրել։ Գնում ենք պաշտպանության նախարարություն, ասում են գնացեք զինկոմիսարիատ, գնում ենք զինկոմիսարիատ, ասում են մեզնից հասնում է ծառայության ուղարկելը, դրանից հետո մենք գործ չունենք։ Հունվարի 9-ին 2 տարին լրացել է, 16 օր է անցել, չեն թողնում տղաս տուն գա։ Չգիտենք ինչ անել, ում դիմել»,– երեկ մեզ հետ զրույցում ասում էր Իսահակյանը ընդգծելով, որ Ավետիքն իր միակ որդին է, կրում է Արցախում 1992-ին զոհված եղբոր անունը։ Զինվորի հորը խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ «ԶԻԼ» մեքենայի մասին է խոսքը. «Երբ որ տղաս գնացել է ծառայության նրան մի մեքենա են տվել, որ վարի։ Այդ մեքենան կցել են իրեն։ Մի անգամ չգիտեմ ինչի է կպել, մեքենայի հայելին կոտրել է։ Հետո էլ չեն թողել վարի։ Մեքենան տվել են պայմանագրայիններին, բայց Ավետիքի վրայից գրանցումը չեն հանել։ Հիմա պարզ չէ, թե ինչ վիճակում է այդ մեքենան, ով է փչացրել, ամեն ինչ բարդել են էրեխուս վրա, ասում են մինչև չսարքես, տուն չես գնա»,- բացատրեց նա։ Մեր հարցին, թե ո՞վ է իր որդուն նման հրահանգ տվել, Իշխան Իսահակյանը պատասխանեց, որ իր իմանալով հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալն է ասել, ամեն դեպքում խոսքը սպաների մասին է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր