211652_close_icon
views-count8263 դիտում article-date 10:53 07-02-2017

Վարչապետը չպետք է «մուննաթ գար» լրագրողների վրա՝ ինչպիսի հարցեր էլ հնչեին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գյումրիում վարչապետ-լրագրողներ հարցուպատասխանի վերաբերյալ լրագրողները շատ վիճեցին։ Եթե մի կողմ թողնենք զուտ էմոցիոնալ և հայաստանյան լրատվական դաշտի համար ավանդական «փոխհրաձգությունները» (մենք խիզախ ենք-դուք վախկոտ եք, մենք անկախ ենք-դուք ծախված եք, մենք ժողովրդի կողմից ենք-դուք ժողովրդի դեմ եք), ապա պետք է նախ արձանագրել, որ խոսքն ամենևին միայն Գյումրիում աշխատող լրագրողների մասին չէ, նույն խնդիրները վերաբերում են Երևանում աշխատողներին, այդ թվում նաև՝ ինձ։ Վարչապետի արձագանքը լրագրողների հարցերին միանշանակ սխալ էր։ Կուսակցության երկրորդ դեմքը, որը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին և հավակնում է դառնալ երկրի առաջին դեմքը, քաղաքական գործիչ է, իսկ վերջինս չի կարող «մուննաթ գալ» լրագրողների վրա՝ ինչպիսի հարցեր էլ հնչեն։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է)։ Եվ այսպես, առաջարկում եմ մտածել հետևյալ թեմայով։ Արդյո՞ք հարցը, որը սկսվում է «դուք չե՞ք գտնում, որ» դարձվածքից, լրագրողական հարց է։ Արդյո՞ք դա ընդհանրապես հարց է, թե՞ ելույթ է, գնահատական է, հաճախ՝ կշտամբանք, որը ձևակերպված է որպես հարց։ Խելացի պատշոնյան դրան կարող է պատասխանել՝ «այո, գտնում եմ», «ոչ, չեմ գտնում»։ Ես ինքս էլ երբեմն տալիս եմ նման հարցեր, և դա սխալ է։ Մեկ այլ խնդիր: Եթե ես ժամանակ կամ հավես չունեմ պատրաստվելու այս կամ այն պաշտոնյայի հետ հանդիպմանը, որպեսզի հարցեր տամ հենց նրա՛ ոլորտի, այդ թվում՝ նրա՛ սխալների, նրա՛ բացթողումների մասին, ապա ես իմ «գզրոցում» ունեմ մոտավորապես հետևյալ հարցը՝ «որքա՞ն է այս խեղճ ժողովուրդը ձեր ձեռքը տառապելու»: Այստեղ էլ կարող ենք ասել, որ դա իրականում հարց չէ՝ ռեպլիկ է, հոգոց է, բողոք է, որը, սակայն, հնչում է չափազանց «ժողովրդական»: Իհարկե, եթե պաշտոնյան քայլի փողոցով, քաղաքացիները նրան հենց այդ հարցը կտան, բայց մեզնից` լրագրողներիցս, կարելի է սպասել ավելի խորքային, ավելի «արմատական» հարցեր: Դարձյալ խոստովանեմ՝ ես էլ եմ ժամանակ առ ժամանակ պաշտոնյաներին տալիս «ժողովրդական» հարցեր, ինչի համար փողոցում հանդիպած մարդիկ ինձ ողջունում են: Բայց այդպես չի կարելի անել՝ միշտ պետք է ժամանակ գտնել ավելի լուրջ հարցեր նախապատրաստելու համար: Հիմա՝ նախընտրական վիճակում, «խեղճ ժողովրդի», արտագաղթի, աղքատության և մնացածի մասին «հոգոցները» շատ արդիական են լինելու: Դա քաղաքական գործիչների աշխատանքն է, որովհետև նրանք, ի վերջո, պայքարում են ընտրողների ձայների համար: Բայց մեր՝ լրագրողներիս, ինչպես նաև փորձագետների, հետազոտողների աշխատանքն, ինձ թվում է, այլ է: Մենք, իմ կարծիքով, պետք է հանրությանը ներկայացնենք այն օրինաչափությունները, այն մեխանիզմները, որոնք հնարավոր են դարձնում այս՝ բազմիցս արձանագրված իրավիճակը: Կամ՝ թողնենք լրագրությունն ու մտնենք քաղաքականության մեջ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր