Սեյրան Օհանյանը զրույց է ունեցել Լևոն Երանոսյանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվել էր ՀՀԿ-ականների հետ վիճաբանությամբ ու կրակոցով: Բանն այն է, որ Ջրառատի գյուղապետ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների հասցեին: Դրանից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք:
Վիճաբանության մասնակիցներից ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, անգամ ատրճանակից օդ է կրակել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները նրա ձեռքից խլել են ատրճանակը, հարվածներ հասցրել, վնասվածքներ պատճառել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանը միջադեպից հետո զրույց է ունեցել Լևոն Երանոսյանի հետ և ասել, որ եթե պարզվի՝ միջադեպի մեղավորը իր թիմակիցներն են, որոնք վնասվածքներ են հասցրել Լեռնիկ Երանոսյանին, ապա ներողություն կխնդրի, իսկ եթե ոչ, քննությունը կպարզի ողջ եղելությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանը սակայն ասել է, թե ինքը տեղեկություններ չունի նման զրույցի մասին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]