211652_close_icon
views-count2398 դիտում article-date 15:20 06-04-2017

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են. ՀՀ ԱՆ

Պտղի սեռող պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։ 2008-2012թթ. նորածիների աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100:115, 2014թ.` 100:113,4, 2015թ.` 100:112,7, իսկ 2016թ.` 100:111,9: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։ Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին: 2008-2012թթ. այն հասել էր վտանգավոր սահմանագծի և դարձել ժողովրդագրական լուրջ խնդիր: 2011թ. յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշն ավելի բարձր էր (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է 164 տղա` 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված էր Գեղարքունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Ծնունդների սեռային տարբերության շարունակումն ապագայում կարող էր ծնունդների թվի աննախադեպ նվազման պատճառ դառնալ։ Իրավիճակի շտկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ։ 2016թ. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրվեց սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը։ Զուգահեռաբար իրականացվեցին կրթական և հանրային իրազեկման լայնամասշտաբ աշխատանքներ։ Հաջոցությամբ իրականացվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ: Ձևավորվել է «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» Փորձի և գիտելիքի փոխանակման ցանց։ Կազմակերպվել է 494 հանդիպում-քննարկում։ Քննարկումներ են կազմակերպվել նաև սոցիալական ցանցերում (https://www.facebook.com/groups/409020602617094/)։ Հեռարձակվել են 33 թեմատիկ հաղորդումներ և թոք-շոուներ, որոնք դիտել է շուրջ 350 հազար մարդ: Մշակվել է սոցիալական 2 հոլովակ (https://www.youtube.com/watch?v=_eSSJkVxKmk, https://www.youtube.com/watch?v=T2jyPjldyOY) Համայնքներում ձևավորված 25 քաղաքացիական ակտիվ խմբերը մարզերի թիրախ համայնքներում կազմակերպել են շուրջ 280 հանդիպում-քննարկում։ Միաժամանակ, հղիներին նախածննդյան խորհրդատվություն տրամադրող բուժաշխատողների համար կազմակերպվել են սեմինարներ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ հրատարակվել է շուրջ 300 մեթոդաբանական ձեռնարկ։

Նմանատիպ նյութեր