211652_close_icon
views-count4356 դիտում article-date 11:39 07-04-2017

Պետք է վախենալ ոչ թե բարձր, այլ ցածր գներից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մարտի 5-ից, երբ սկսվեց քարոզչությունը, մինչև մարտի 31-ը ես, աշխատանքի բերումով, ստիպված էի լսել խոստումներ պարունակող ճառերի այնպիսի հեղեղ, որ դրանք մոռանալու համար ինձ պետք կլինի մի քանի ամիս: Մարդիկ միացնում էին իրենց պոպուլիստական ձայնապնակը և այնպիսի թափով էին այն պտտեցնում, որ կանգնեցնել հնարավոր չէր: Իսկ ի՞նչ էին ասում մարդիկ՝ ըստ էության: Եթե կարճ ձևակերպենք, ապա նրանք առաջարկում էին էժանացնել ամեն ինչը՝ ոչ միայն ապրանքներն ու մթերքները, այլև տուգանքները, փողը, բժշկական սպասարկումը, կրթությունը: Տնտեսագետ չլինելով՝ ես հասկանում եմ, որ դա հակասում է տրամաբանությանը: Պոպուլիստների հաշվարկը անգրագետ, լյումպենացված զանգվածին գայթակղելն է: Մինչդեռ ամեն ինչ ունի իր գինը, որը ձևավորվում է առաջարկից և պահանջարկից: Եթե հիվանդանոցի պատին փակցված է ծառայությունների ցուցակ, ըստ որի՝ մասնավորապես, այսինչ վիրահատությունն արժե, ասենք, 100 դրամ, իսկ իրականում շուկայական գինը 1000 դրամ է, ապա դա նշանակում է մի բան. մնացած 900 դրամը, դրամարկղ գնալու փոխարեն, դրվելու է բժշկի խալաթի գրպանը: Դրա համար էլ, ինձ թվում է, պետք է վախենալ ոչ թե բարձր, այլ ցածր գներից: Եթե լոլիկի շուկայական գինը 1000 դրամ է, և ինչ-որ հրաշքով հայտնվում է մեկը, որը ամիսներ և տարիներ շարունակ լոլիկը վաճառում է 100 դրամով, ապա այդ ամիսների կամ տարիների ընթացքում լոլիկի արտադրությունը կփլուզվի, և եթե 100 դրամով բերողը դադարեցնի իր «բարեգործությունները», մենք կմնանք առանց լոլիկի: Կամ ուրիշ տեղից կբերենք 2 հազար դրամով: Եթե այդպես է լոլիկի դեպքում, ապա ինչո՞ւ նույնը չպիտի լինի փողի պարագայում` վարկերի և այլն (բանկերն էլ լոլիկի փխարեն փող են վաճառում): Եթե որևէ մեկն անի այն, ինչ առաջարկվում էր նախընտրական թոհուբոհի մեջ, դա պարզապես կփլուզի բանկային համակարգը: Նույնը վերաբերում է ցանկացած այլ բնագավառի, որտեղ գործերն առանց այդ էլ փայլուն չեն, բայց ամբոխահաճո քայլերով ընդհանրապես կքանդվեն: Դա, իհարկե, չի նշանակում, որ հնարավոր չէ մեր տնտեսական խնդիրները լուծել: Հնարավոր է: Բայց այստեղ ոսկերչական աշխատանք է պետք, ոչ թե պոպուլիստական բառերի հեղեղ»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր