211652_close_icon
views-count6650 դիտում article-date 10:58 14-04-2017

Ինչ-որ բանդիտական «պոնտ» կա պատգամավորի մանդատ ունենալու մեջ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչի՞ համար են Սասի Արտակը և նրա նմանները ցանկանում պատգամավոր դառնալ: Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որևէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել: Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ էլ 5 տարի կնստեն՝ առանց ծպտուն հանելու: Դուք կասեք՝ նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն և այլն: Եթե նրանք այդպիսի հաշվարկ են անում, ապա կատարյալ հիմարներ են, որովհետև փորձը ցույց է տալիս՝ այդպիսիներին սնանկացնելն ու փողոց շպրտելը 5 րոպեի հարց է: Իսկ ես, որքան էլ այդ, այսպես կոչված, «գործարարներին» վատ վերաբերվեմ՝ չեմ կարծում, որ նրանք հիմար են՝ կենցաղային խելք ու խորամանկություն նրանք, անշուշտ, ունեն: Հետևաբար պատճառները պետք է փնտրել «հոգևոր» ոլորտում: Իսկ «հոգևորը» նրանց համար ամփոփվում է մեկ կարճ նախադասության մեջ՝ «կայֆ ա տալըմ»: Նրանց տեսանկյունից ինչ-որ բանդիտական «պոնտ» կա պատգամավորի մանդատ ունենալու մեջ: Եվ այդ, ըստ էության, դատարկ քմահաճույքի համար նրանք պատրաստ են նվաստանալ և նվաստացնել ուրիշներին: Համացանցում տարածվել է Սասի Արտակի նախընտրական («ձայն բերողների») թիմի ժողովներից մեկի ձայնագրությունը: «Տասնապետը» կամ «հարյուրապետը» մի լավ «տոկի է տալիս» իր ենթականերին՝ սպառնալով քիչ ձայն բերելու դեպքում նրանց ազատել աշխատանքից՝ ըստ ամենայնի, «Սաս գրուպից»: Ինձ թվում է՝ այստեղ կրիմինալ, այնուամենայնիվ, կա. որևէ մեկը չի կարող իր աշխատանքային իրավահարաբերությունները պայմանավորել նրանով, թե որքանով է իր վարձու աշխատողը բավարարում նրա «քաղաքական» ամբիցիաները: Բայց խնդիրն ավելի խորքային է. նախընտրական շրջանում այդպիսի ժողովներ անցել են հարյուրավոր հիմնարկներում՝ մասնավոր ընկերություններում, դպրոցներում (ինչն ապացուցվեց), հիվանդանոցներում, թաղապետարաններում և այլն: Թե ինչ է նշանակում «ձայն բերել», մենք նույնպես շատ լավ գիտենք: Եվ ամենաէականն այստեղ ոչ թե «տասնապետի» սպառնալիքներն են, այլ հլու-հնազանդ զանգվածի լռությունը: Ստրկացնելու ցանկություն կարող է ունենալ միայն իր էությամբ ստրուկը: Ստրուկը նվաստացնում է «հարյուրապետերին» և «տասնապետերին», նրանք էլ՝ իրենց հպատակներին: «Կայֆ ա տալըմ»: Որտեղի՞ց այդքան շատ ստրուկ՝ դժվար է ասել: Հիշո՞ւմ եք Դովլաթովի տողերը. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին և, իհարկե, իրավամբ: Այդուհանդերձ, թույլ տվեք հարցնել՝ իսկ ո՞վ է գրել 4 միլիոն մատնագիր»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր