211652_close_icon
views-count1186 դիտում article-date 16:14 02-05-2017

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: «Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք այն արդյունքը, ինչը ցանկանում ենք բոլորս: Ըստ այդմ, պետք է ավելի ակտիվացնել կանաչապատման աշխատանքներն ու սահմանված ժամկետներում հետևողականորեն իրականացնել նաև խոտհունձը: Անհրաժեշտության դեպքում ներգրավեք նաև լրացուցիչ աշխատուժ: Միայն ծառատունկ և շաբաթօրյակներ կազմակերպելով չպետք է բավարարվել: Այս ուղությամբ տարվող աշխատանքները պետք է կազմակերպվեն ճշգրիտ և ամենօրյա ռեժիմով: Նաև խստորեն հետևեք, որ կանաչապատման ձեռնարկությունները լիարժեքորեն կատարեն իրենց պարտականությունները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում, ինչպես նաև հուշարձանների հարակից տարածքներում շարունակվում են մաքրման աշխատանքները: «Եղանակներն արդեն թույլ են տալիս, որպեսզի մեր համաքաղաքացիներն իրենց հանգիստն ավելի շատ անցկացնեն դրսում: Եվ այդ առումով թե՛ աղբահանության և թե՛ սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման հարցում պետք է լինել խիստ հետևողական: Խոսքը ոչ միայն կենտրոնական հատվածներին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքին: Այս հարցը պետք է լինի նաև մեր կողմից նախաձեռնած «Մաքուր Երևան» ծրագրի առանցքում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր