211652_close_icon
views-count4253 դիտում article-date 11:42 18-05-2017

«Սանիթեք»-ը պարզաբանում է. ընկերության աղբամանները բացարձակապես անվտանգ են

«Սանիթեք» ընկերությունը, անդրադառնալով Տիգրան Մեծի 22 հասցեում բնակիչների անզգույշ վերաբերմունքի հետևանքով հալված աղբամանի դեպքին և այդ մասին մամուլում տեղ գտած հրապարակմանը, տեղեկացնում է, որ ընկերության բոլոր աղբամանները բացարձակապես անվտանգ են և պատրաստված են չհրդեհվող նյութից։ Գերմանական արտադրության աղբամանները պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է, այլ՝ միայն հալվում։ Այդպիսով հալվող աղբամանը որևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտների, և աղբամանից կրակի տարածման հավանականություն չկա, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն։ Իսկ աղբամանի հալվելու դեպքում վնաս է հասցվում միայն Սանիթեք ընկերությանը և օդի մաքրությանը։ Նշենք, որ աղբամանի այրման վերոնշյալ դեպքի, ինչպես նաև նախկինում եղած բոլոր դեպքերի պատճառը եղել է անզգույշ վերաբերմունքը, երբ քաղաքացու կողմից աղբաման է նետվել այրվող ծխախոտի մնացորդ կամ այլ տեսակի այրվող իր: Սանիթեք ընկերությունը հորդորում է և կոչ անում բոլոր բնակիչներին ավելի պատասխանատու և հոգատար վերաբերմունք ցուցաբերել աղբամանների նկատմամբ, քանի որ դրանց այրվելու դեպքում ընկերությունը լրացուցիչ ֆինանսական կորուստներ է կրում։ Մինչդեռ վնասված աղբամանների փոխարինմանը հատկացվող գումարը կարող էր ուղղվել սանիտարական մաքրման հանրային ծառայության ոլորտի զարգացմանը և կատարելագոծմանը։ Հիշեցնենք նաև, որ աղբամանների տեղադրման վայրը որոշվում է տվյալ վարչական շրջանի թաղապետարանների հետ համատեղ՝ հաշվի առնելով ոլորտի համար սահմանված մի շարք չափորոշիչներ՝ տվյալ տարածքում բնակչության խտությունը, որոշակի հեռավորությունը բնակելի շենքերից և այլն։ Ներկայումս Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում տեղադրված է 8․400 աղբաման։

Նմանատիպ նյութեր