Մանրածախ առևտրի դաշտը ՀԴՄ-ներով ծածկելը հնարավորություն կտա աշխատող ոլորտների հարկերը ստվերից բերել. Կարեն Կարապետյան
Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ամբողջ մանրածախ առևտրի դաշտը ՀԴՄ-ներով ծածկելու գործընթացը։
Նա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հարցրեց, թե ՀԴՄ-ների տեղադրման համար վարկավորման գործընթացում ինչ աշխատանքներ են կատարվել:
ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ աշխատում են Ֆինանսների նախարարության հետ համատեղ, առավելագույնը 1-2 օրում առաջարկը կներկայացնեն վարչապետին:
«Չափազանց կարևոր գործընթաց է: Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ առևտրի դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերը ստվերից բերել: Դա որոշ ժամանակ անց մեզ հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մուտք գործելու ռեժիմը թեթևացնել, բայց միայն որոշ ժամանակ անց, որովհետև մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ ապրանքի վերջնական կետը տեսնում ենք: Դա կբերի տնտեսական ակտիվության, տնտեսավարողների աճի»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի համոզմամբ, ՀԴՄ-ների լիարժեք տեղադրման պարագայում ներքին վաճառքների չափելիությունը, հաշվետվողականությունը սկզբունքորեն կփոխվի: