211652_close_icon
views-count2533 դիտում article-date 14:36 16-06-2017

Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը պետք է արժանավայել ներկայացված լինի միջազգային հարթակում. ՀՀ ԱԻ նախարար

Հունիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները դրանց լուծման ուղիներն ու մեխանիզմները: Մասնավորապես՝ քննարկվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին նախագծի իրականացման գործընթացը: Նախարար Տոնոյանը նախանշեց ոլորտում առկա այն խնդիրները, որոնք օպտիմալացման արդյունքում լուծում կստանան: Առաջնայիններից է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը: Հետազոտությունների արդյունավետությունը չափվում է կանխատեսումներ անելու և դրա հիման վրա ազդարարման համակարգ ներդնելու հնարավորությամբ, իսկ որակյալ հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ են նորագույն սարքավորումներ և տեխնոլոգիաներ: «Հայաստանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մոնիթորինգային համակարգով և հետազոտություններով պետք է կարողանա պատշաճ ներկայացվածություն ունենալ միջազգային հարթակում: Մենք պետք է հասնենք սեյսմիկ վտանգը կանխատեսելու և այդ մասին բնակչությանը վաղ ազդարարելու կարողության»,-շեշտեց նախարարը: Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաև ակտիվացնել միջազգային համագործակցությունը: Դրամաշնորհային մեծ ծրագրերից չզրկվելու համար հայկական կողմը պետք է կարողանա ապահովել արժանավայել համաֆինանսավորում: Նախատեսվում է միջոցներ ուղղել թիրախային խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներին (երեխաներ, ծերե, կանայք, հաշմանադամություն ունեցող անձինք և այլն): Մասնավորապես՝ դպրոցներում, մանկապարտեզներում, մանկատներում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներում ուսումնական աշխատանքներ իրականացնել երկրաշարժի ժամանակ վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև՝ ուսումնական ձեռնարկներ մշակել տարբեր թիրախային լսարանների համար: ԱԻ նախարարն անդրադարձավ ոլորտում առկա կադրային խնդրին՝ նշելով, որ լավագույն մասնագետներին ներգրավելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ: Դ. Տոնոյանը հանձնարարեց օպտիմալացման արդյունքում նախատեսվող ծրագրում ներառել, այսպես կոչված, Խրախուսման ֆոնդ, հասկացությունը ինչը թույլ կտա համակարգ ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին:

Նմանատիպ նյութեր