211652_close_icon
views-count5242 դիտում article-date 22:37 21-06-2017

Արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը

Հունիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկեց Արևելյան գործընկերության (ԱլԳ) բազմակողմ համագործակցության շրջանակներում գործող Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խնբի երկօրյա նիստը, որի համակազմակերպիչներն են Հայաստանը և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում են Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ, Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, միջազգային կազմակերպությունների, քաղհասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը նախատեսվում է քննարկել վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման հետ կապված մարտահրավերները, մշակված քաղաքականության և պրակտիկայի խնդիրները: Հադիպման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ կարևորելով կանոնակարգված ռեադմիսիոն քաղաքականության դերը շարժունակությունը խրախուսելու գործում: Նախարարի տեղակալն արձանագրեց, որ Եվրամիությունը հայկական կողմի հետ հաջողությամբ համագործակցում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են սահմանների համալիր կառավարումը, միգրանտների վերաինտեգրումը, փաստաթղթերի անվտանգությունը, ավելացնելով նաև, որ համատեղ ձեռքբերումներն ակնհայտ են: Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության 20 արդյունք մինչև 2020թ. անվանումը կրող համատեղ աշխատանքային փաստաթղթին, որում ձևակերպված է արդեն 2017թ.-ին Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը՝ ընդգծելով ապահով շարժունակության և մարդկանց միջև շփումների կարևորությունը Հայաստանի և ԵՄ անդամ երկրների հասարակությունների համար: Տեղեկանք. Միգրացիայի և ապաստանի հարցերով աշխատանքային խումբը գործում է 2013թ.-ից Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության Առաջին պլատֆորմի (Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում, կայունություն) ներքո: Տարեկան գումարվում է աշխատանքային խմբի հանդիպում և փորձագիտական աշխատաժողով: Հանդիպումների համակազմակերպում են Արևելյան գործընկեր երկրները՝ ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում աշխատանքային խմբի նիստը:

Նմանատիպ նյութեր