43909 դիտում
10:46 29-06-2017
Կոտայքի մարզպետն օպերատիվորեն արձագանքեց ֆոտոլրագրողի նամակ-խնդրանքին. Առինջ գյուղի գերեզմաններ տանող ճանապարհն ամբողջովին վերանորոգվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ-խնդրանքով դիմել էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին Առինջ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի ճանապարհի անմխիթար ու խորդուբորդ վիճակի մասին՝ հայտնելով, որ բնակիչները խնդրում են մարզպետին, որպեսզի այս ճանապարհահատվածը կապիտալ վերանորոգվի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Կոտայքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետը հանձնարարել է, որպեսզի հրատապ խնդիրը լուծվի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 29-ին, վաղ առավոտվանից Առինջ գյուղի գյուղապետ Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ սկսվել են ճանապարհի կապիտալ ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքները կատարում են «Բալահովիտ 1» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ ՍՊԸ-ի տնօրեն Ռուբիկ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ՍՊԸ-ի աշխատակիցներն արդեն կատարել են հողային աշխատանքներ ու հիմա ճանապարհը հարթեցնում են խճաքարով (շիբին), որից հետո ասֆալտապատելու են այն։ Գյուղապետի հանձնարարականով վերանորոգվող ճանապարհի եզրերից հեռացվում են նաև վտանգավոր քարերն ու շինաղբը։
Գյուղացիները, տեսնելով կատարվող աշխատանքները, իրենց շնորհակալությունն էին հայտնում մարզպետին, գյուղապետին, «Բալահովիտ 1» ՍՊԸ-ի աշխատակիցներին, անգամ կատակելով ասում էին. «Արդեն գերեզմաններ տանող ճանապարհահատվածը կդառնա անվտանգ։ Էլ մտավախություն չենք ունենա, որ դին տեղափոխելիս կարող է հանկարծ սայթաքենք»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/28/1071150/]հայտնել [/url]էինք, որ ֆոտոլրագրողը բաց նամակ-խնդրանքով դիմել էր Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանին՝ խնդիրը լուծելու համար։ Նամակում ասվում էր.
«Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին Կոտայքի մարզում սկսվել են անբարեկարգ ավտոճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Բազմաթիվ ճանապարհներ, որ իրենց խորդուբորդ հատվածներով պատուհաս էին դարձել վարորդների համար, ասֆալտապատվում են, որոշ հատվածներում էլ տեղադրվում են ժամանակակից էլեկտրալույսեր։ Այդ աշխատանքները վերջին ժամանակներս սկսվեցին կատարվել, երբ հանձնարարականներ տվեց մարզպետներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարգելի Կոտայքի մարզպետ Պրն. Կարապետ Գուլոյան։
Ձեր մարզում բազմաթիվ ճանապարհներ հիմնովին վերանորոգվել են, մի մասն էլ ընթացքի մեջ է, սակայն կան ճանապարհներ, որ տարիներով ասֆալտի բրիգադ չի մտել ու վարորդներն էլ, երբ տրանսպորտային միջոցներով մարդաբոյ փոսերը փախցնելով վնասում են իրենց ավտոմեքենաները, ոչ բարի խոսքեր են շռայլում պատասխանատուների հասցեին։ Մեծարգո մարզպետ, եթե մեկ անգամ անցնեք Առինջ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքով դեպի գերեզմաններ, ապա, հավատացեք, «մահացածները նույնիսկ կհորդորեն», որ ե՞րբ է ասֆալտապատվելու այդ մոտ 100 մետր ճանապարհահատվածը։ Կուզենայի Ձեզ տեղեկացնել, որ եղել են հուղարկավորության դեպքեր, երբ մարդիկ իրենց հարազատի դին տանելուց այդ մի քանի մետր հատվածը անցել են մեծ դժվարությամբ։
Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր կողմից աշխատանքներ կատարվեն գերեզմաններ տանող այդ ճանապարհահատվածը բարեկարգելու ուղղությամբ։ Աստված Ձեզ հետ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
790 դիտում
17:19 20-04-2023
Կոռնիձորով Արցախ տանող նոր ճանապարհն ամբողջովին պատրաստ կլինի մայիսի վերջին