211652_close_icon
views-count11506 դիտում article-date 11:21 08-07-2017

Երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ և եկա եզրակացության, որ դուք ճիշտ եք՝ ես վատ դատավոր եմ. «Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են և առավել ևս լուսաբանում են դատական պրոցեսները, դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը և դառնում են անիմաստ ծեսեր: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի և Սեֆիլյանի դատավարությունների շրջապտույտը դրա վառ օրինակներից մեկն է: Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը և դա բնական է՝ ոստիկանության գնդի վրա զինված հարձակում գործողը կարող է նման վերաբերմունք ունենալ պետության նկատմամբ: Իրենց իրավունքն է: Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար ամբաստանյալների հեռացնելու նիստերի դահլիճից: Փաստաբանները իրավունք ունե՞ն այս պարագայում չմասնակցելու դատավարությանը: Ոմանք ասում են` ոչ, իրավունք չունեն: Բայց տրամաբանությունը հուշում է, որ առանց իր վստահորդի փաստաբանը չի կարող լիարժեք ներկայացնել նրա շահերը: Ինչպե՞ս պետք է նա պաշտպանի առանց իր պաշտպանյալի ուղղորդումների` ի վերջո, ամբաստանյալը, որը փաստաբան է վարձել, կարող է դժգոհ մնալ իր պաշտպանի գործողություններից և հրաժարվել նրա ծառայություններից: Այս կետում դատավարությունները կանգնում են փակուղու առաջ և վերածվում թատերական մի ծեսի` – ոտքի չեն կանգնում – դուրս են արվում նիստերի դահլիճից – փաստաբանները հետևում են ամբաստանյալներին և նույնպես դուրս են գալիս – դատավորը փաստաբանների դեմ սանկցիաներ է կիրառում – դատավարությունն, ըստ էության, տապալվում է: Բայց ամենազավեշտական ծեսն, իմ կարծիքով, դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է: Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները, բայց «կողքից» դա ներկայանում է հետևյալ կերպ: Նախ՝ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ ցանկացած փաստաբան կարող է ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի: Օրինակ՝ այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է: Որովհետև մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ նրանց մեջ չկան լավ մասնագետներ՝ պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Վերջինս ընդմիջում է հայտարարում և հեռանում է խորհրդակցական սենյակ: Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում՝ ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ և ասի՝ «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին, մտածեցի-մտածեցի և եկա այն եզրակացության, որ դուք, հարգելի փաստաբաններ, ճիշտ եք՝ ես վատ դատավոր եմ և չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք Հայաստանում գոնե մեկ նման դեպք: Եթե կա այդպիսի դատավոր, ապա նրա տեղը հաստատ դատարանում չէ: Նա պետք է վանական դառնա ինչ-որ մի հեռավոր մենաստանում»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր