55258 դիտում
10:47 09-07-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ժայռաբեկորները փակել են ճանապարհը. բնակիչներին էլ ասում էին, որ այս հատվածում նաև եղել է երեխայի մահվան դեպք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 59 շենքի հարևանությամբ սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ժայռաբեկորները գլորվել և հայտնվել են ճանապարհի մեջ տեղում, ինչի պատճառով էլ տրանսպորտային միջոցների շահագործումը նշված ճանապարահատվածում անանցանելի է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ժայռաբեկորներից երկու մեծ քարեր պոկվել և գլորվելով հայտնվել են ճանապարհին:
Բարեբախտաբար այս անգամ զոհեր և վիրավորներ չեն եղել:
Փրկարարարները հատուկ ժապավենով փակել են ճանապարահատվածը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Դեպքի մասին իմանալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարականով ժամանել են կոմունալ բաժնի աշխատակիցները բաժնի պետ Էմիլ Իվանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. << Միշտ էլ նշված հատվածը իրենից վտանգ է ներկայացնում: Բազմաթիվ անգամ ահազանգել ենք պատկան մարմիններին, որպեսզի խնդիրը լուծեն, սակայն չգիտես ինչու <<սայլը տեղից չի շարժվում>>:
Տարիներ առաջ ժայռաբեկորների փլուզման հետևանքով երեխա մահացավ, իսկ երկու տարի առաջ էլ 9-ը տարեկան երեխան խաղալիս քարերի թափման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացավ:
Խնդրում ենք պատկան մարմիններից գոնե այս անգամ հարցը լուծեն>>:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+