2386 դիտում
17:50 10-08-2017
Օբյեկտիվ նախաքննության արդյունքում անձին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ բռություն գործադրելու համար
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Ալոյանը, ով նախկինում խախտում թույլ տալու համար զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլ անձի անունով հաշվառված ավտոմեքենայով 24.05.2017թ.-ին մեկնել է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ հանդիպելով իր ծանոթին՝ նրան խնդրել է վարել ավտոմեքենան` առկա անսարքությունը պարզելու և վերանորոգելու համար: Ա. Ալոյանի ծանոթը ավտոմեքենան վարելուց հետո այն կայանել է երթևեկության հոսքին հակառակ՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ նկատել են տվյալ տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արագածի բաժնի պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանն ու նույն բաժնի ծառայողները: Նրանք ավտոմեքենայի վարորդից պահանջել են վերացնել խախտումը, սակայն Ա. Ալոյանն այդ կապակցությամբ անհիմն վիճաբանություն է հրահրել Մ. Մարտիրոսյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, որի հետևանքով ոստիկանության պաշտոնյան մարմնական վնասվածք է ստացել:
Այսպիսով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում ավտոմեքենա վարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Ալիկ Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1925 դիտում
18:50 13-02-2015
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար
Այս բաժնից
526 դիտում
14:12 31-10-2024
ՆԳ նախարարը և Կատարի Պետության ՆԳՆ պետնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղիները