211652_close_icon
views-count6373 դիտում article-date 19:17 04-09-2017

Սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների հերթական այցելությունը հոկտեմբերի 28-ին կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն 5 տարի է, ինչ բարի ավանդույթ ենք դարձրել տարին առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելությունների կազմակերպումը: Ըստ այդմ, սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ, պատշաճ նախապատրաստվեք հոկտեմբերի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու և տեսակցելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ իրենց զավակներին այցելելու ու տեղերում նրանց ծառայության պայմաններին ծանոթանալու հնարավորություն այս տարիների ընթացքում ունեցել է երևանաբնակ զինծառայողների ավելի քան 9000 ծնող, որից շուրջ 1700-ը՝ այս տարվա ապրիլին կազմակերպված համանման այցելության շրջանակում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր