211652_close_icon
views-count3029 դիտում article-date 22:20 06-09-2017

Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում մեկնարկել է Հայաստանին նվիրված ուսումնական տարին

Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում՝ Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը կից գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում, տեղի ունեցավ ամբողջությամբ Հայաստանին նվիրված 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ուսումնական տարվա ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվելու են Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի պատվո հովանու ներքո` Վարշավայում գործող լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ուսումնական տարվա մեկնարկի արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շվիենտոկշիսկե վոյեվոդության Սեյմի կրթության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շվիերչը, Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի խորհրդական Ռոբերտ Բիերնանցկին, մարզի տարածքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ, լրագրողներ: Ներկաներին հղած իր ողջույնի խոսքում ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Կիելցեի գեղարվեստական ուսումնարանում Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկը տրվեց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակի տարում: Դեսպանի համոզմամբ՝ դա հրաշալի հնարավորություն է ուսումնարանի բոլոր սաների համար՝ առավել խորությամբ ծանոթանալու հայ ժողովրդի, Լեհաստանի հայ համայնքի հարուստ պատմությանը և մշակույթին, Լեհաստանի պատմության մեջ աչքի ընկած հայ մշակութային գործիչների ստեղծագործություններին: Միջոցառմանը հայկական ժողովրդական և ժամանակակից էստրադային երգերի կատարմամբ հանդես եկավ Կիելցեում բնակվող հայազգի երգչուհի Յոաննա Բորկովսկան: Ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողության ավարտին դեսպան Ղազարյանն ուսումնարանին նվիրեց Հայաստանի պետական դրոշը խորհրդանշող արցախյան ձեռագործ գորգ:

Նմանատիպ նյութեր