4629 դիտում
09:35 13-09-2017
Իվան Վոլինկինը մի՞թե չի հավատում, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ին այլընտանք չունի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայատանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայ լրագրողների հարցերին պատասխանելիս հունից դուրս է եկել: Դիվանագետները և մասնավորապես՝ դեսպանները, ցանկացած պարագայում հավասարակշռությունը պահպանելու նախանձելի հատկություն ունեն: Որպես կանոն՝ նրանց դժվար է հունից հանել, որովհետև ամենաբարդ ու անցանկալի հարցին էլ նրանք կարողանում են դրա հետ որևէ առնչություն չունեցող պատասխան հորինել: Ասենք, հարցը վերաբերում է տանձին, իսկ իրենք լուրջ դեմքով խոսում են խնձորի մասին:
Այս անգամ Իվան Վոլինկինը չի կարողացել դասական այդ հնարքը կիրառել և դեսպանին ոչ բնորոշ գրգռվածություն է դրսևորել: ՀՀ-ում ՌԴ դեսպանը հին սերնդից է և փորձված դիվանագետ, ուստի պետք է լուրջ պատճառներ ունենար բռնկման համար:
Պատճառներից մեկը հենց հարցի համատեքստն է եղել: Բանն այն է, որ լրագրողները նրան հարց են ուղղել, թե որքանով է տրամաբանական, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Արևմուտքին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար։
Պաշտոնական Երևանը Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքը համարում է հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կնճիռը: Այս մասին բազմիցս է խոսվել ամենաբարձր մակարդակով, իսկ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն անգամ դեմ առ դեմ բացատրություն էր պահանջում ռուսական կողմից: Եվ այնուամենայնիվ, զենքի մատակարարումը անխափան շարունակվում է: Մինչդեռ Վլադիմիր Պուտինի հայտնի մեղադրանքը Ուկրաինային զենք վաճառելու հետ կապված՝ լուրջ խաղաքարտ է դարձել Հայաստանի ձեռքին: Առաջին հերթին հենց այս հանգամանքն է դեսպանին հունից հանել, որովհետև իրականում այդ փաստարկին հակադարձելու ոչինչ չկա:
Մյուս կողմից, Երևանում կրկին գլուխ են բարձրացրել հակառուսական տրամադրությունները, իսկ ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին, առաջին հերթին համարվում է հարված՝ ուղղված ՌԴ-ին:
Դեսպանն, ընդ որում, այս թեմայով հարցին շատ ավելի ինքնավստահ է պատասխանել. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե որքանով է դա պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետև նրանք տեսնում են ԵՏՄ-ի կազմում գտնվելու ակնհայտ առավելությունները»։
Վոլինկինն, իհարկե, չի կարող տեղյակ չլինել, որ արդեն տևական ժամանակ է, ՀՀԿ-ականները փորձում են հանրությանը ներկայացնել ԵՏՄ-ում գտնվելու ակնհայտ առավելությունները, սակայն առայժմ համոզիչ ցուցանիշներ չեն կարողանում բերել:
Գուցե նաև դա է ընդհանուր լարվածության պատճառը, որովհետև մի կողմից հանրության, քաղաքական, մտավորական էլիտայի մեջ Ռուսաստանի հանդեպ արդարացված դժգոհություն կա Ադրբեջանին զենքի վաճառքի պատճառով, մյուս կողմից փաստարկները, թե ինչ է շահում ՀՀ-ն ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունից, էապես կաղում են: Այդ դեպքում, բնականաբար, մեծ է վտանգը, որ Հայաստանում «Ելքի» նախաձեռնությունը թափ կհավաքի սրանից բխող հետևանքներով:
Տարօրինակն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ ապացուցելու համար, որ իրենք չեն կիսում ընդդիմության մոտեցումները և ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին այլընտրանք չեն տեսնում: Էդուարդ Շարմազանովը արդեն երկու շաբաթ այս թեմայով հարցազրույցներ է տալիս, իսկ այսօր անգամ ամբիոնից իր հայտարարությունը նվիրել է սրան:
Զուգահեռաբար իշխանությունը հոգ է տանում, որ հակառուսական տրամադրությունները հնարավորինս քողարկվեն և ջրի երես դուրս չգան: Դրա համար նույնիսկ դիմում են աբսուրդ քայլերի, ինչպես Թումանյանի տուն-թանգարանում «Խավարում» խորագրով ցուցադրության արգելքն է: Ցուցադրությունը նվիրված է Ստալինյան ռեպրեսիաների 100-րդ տարելիցին, իսկ իշխանության ներկայացուցիչները դրա մեջ հակառուսական քաղաքական էլեմենտ են տեսել:
Նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն թույլ չի տալիս քննարկում ծավալել Երևանի որոշ փողոցներ վերանվանելու՝ ավագանու «Ելք» խմբակցության առաջարկի շուրջ: Այստեղ նույնպես հակառուսական էլեմենտ է նշմարում, հատկապես որ ՌԴ քաղաքական շրջանակներից չհապաղեցին իրենց վրդովմունքը հայտնել այդ գաղափարի նկատմամբ:
Թվում է, շուտով երևանյան բիսեդկաներում զրույցների ժամանակ ՌԴ-ի դեմ որևէ խոսք ասելու արգելք կսահմանվի: Եվ այս իրավիճակում առնվազն տարակուսելի է, թե ինչու է նյարդայնացած Իվան Վոլինկինը: Մի՞թե ռուս բարեկամները չեն հավատում իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ Հայաստանը ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ին այլընտանք չունի, չի ունեցել և տեսանելի ապագայում չի ունենալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
10:42 24-10-2014
Սեյրան Օհանյանը և Իվան Վոլինկինը քննարկել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
1706 դիտում
13:17 29-07-2019
ՌԴ ԱԳՆ-ում փոխվում է Արցախի գծով «կուրատորը». Կարասինի կարող է փոխարինել Իվան Վոլինկինը. «Կոմերսանտ»
1618 դիտում
10:48 16-05-2014
Վոլինկինը` «սովետ» վերադարձող կամ արդեն վերադարձած պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչ. Առավոտ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»