Ճգնաժամ ապրող Վենեսուելայի ողջ տարածքում բենզալցակայաններում հսկայական հերթեր են գոյացել
Վենեսուելայի մի շարք նահանգներում գտնվող բենզալցակայաններում սկսել են հսկայական հերթեր գոյանալ, գրում է El Universal-ը։
Թերթը նշում է, որ մայրաքաղաք Կարակասում մարդիկ բենզին գնելու համար մի քանի ժամ սպասում են, իսկ յուրաքանչյուր բենզալցակայանի մոտ հաշվվում է մոտ 300 ավտոմեքենա։
Մերիդա նահանգում վառելիքի պակաս է զգացվում արդեն 5 օր, իսկ բաքերը լցնում են 30 լիտրից ոչ ավելի։ Իսկ Սանտա Բարբարա քաղաքում բենզին են մատակարարում միայն հանրային տրանսպորտին և ֆերմերներին։
Այդ առնչությամբ երկրի նավթի նախարար Էուլոհիո դել Պինոն հայտարարել է, որ կարճ ժամանակում խնդիրը կվերացվի։
Հիշեցնենք, որ Վենեսուելայի տնտեսությունը հիմնականում կախված է նավթային եկամուտներից։ Երկիրը ներկա պահին ապրում է ամենամեծ ճգնաժամերից մեկը պատմության մեջ։ Առկա է սննդի, ապրանքների պակաս՝ զուգարանի թղթից մինչև դեղորայք։
Երկրում արձանագրվել է հիպերինֆլյացիա։