211652_close_icon
views-count7963 դիտում article-date 11:25 02-12-2017

Համացանցային ճապաղ լեզվով կարող ես արտահայտել միայն ճապաղ մտքեր. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ մարդը գրում է տրանսլիտով կամ հայատառ, բայց ակնհայտորեն անգրագետ, ես չեմ կարողանում նրա գրածները կարդալ: Ինձ հետ վիճում են՝ իսկ գուցե նա հանճարեղ մտքեր է արտահայտում: Խիստ կասկածում եմ, ճիշտն ասած: Արժեքավոր մտքերը չեն կարող շարադրվել թափթփված, ցրված, անկազմակերպ եղանակով: Համացանցը դրդում է մարդկանց ավելի քիչ կարդալ և ավելի փնթի գրել՝ մեկը մյուսի հետ սերտորեն կապված է: Ոչ մի խմբագիր, ոչ մի հրատարակիչ չի ցանկանա տպարան ուղարկել թերթ կամ գիրք, որտեղ «այդ»-ի կամ թեկուզ «էդ»-ի փոխարեն գրված է «էտ», կամ՝ որտեղ գրված է «խոսքՏ», «տունՏ», «սերՏ»: Վրիպակներ, իհարկե, լինում են, բայց տպագիր խոսքը պահանջում է պատասխանատվության որոշակի աստիճան: «Համացանցային» խոսքի նկատմամբ նման պահանջներ չկան՝ մարդն իրեն բացարձակապես պարտավորված չի զգում, այսպես ասած, «իր մտքերը հավաքել»: Մտքի ցրվածությանը, իմ կարծիքով, նպաստում է նաև երկրորդ լեզվին չտիրապետելը. օտար լեզվին տիրապետելը մեծացնում է մարդու մտահորիզոնը, այդ լեզվի կառուցվածքի մեջ խորանալն օգնում է ավելի ճշգրիտ արտահայտվել քո մայրենի լեզվով: Ես երջանիկ կլինեի, եթե այսօրվա 20-30 տարեկանները տիրապետեին անգլերենին այնպես, ինչպես մեր սերունդը տիրապետում է ռուսերենին: Բայց ո՛չ քանակական, ո՛չ որակական առումով որևէ համեմատություն, ինձ թվում է, չկա: Եթե մարդը ձևի տեսակետից «իրեն չի հավաքում», ապա շատ հավանական է, որ նա «հավաքված» չլինի նաև բովանդակության առումով: Գիտեմ՝ շատերը ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ես համոզված եմ՝ ինչպիսին լեզուն է, այնպիսին էլ բանավեճն է, իսկ ավելի լայն իմաստով՝ նաև մտածողությունը: «Համացանցային» ճապաղ լեզվով դու կարող ես արտահայտել միայն ճապաղ մտքեր, որոնց նպատակն է լավագույն դեպքում խայթել ընդդիմախոսին, ինքնահաստատվել՝ դիմացինին նսեմացնելով: Այդպես հնարավոր է արտահայտել միայն հապճեպ, կիսատ-պռատ մտքեր, որոնք գուցեև դուր գան մյուս օգտատերերին իրենց խարազանող պաթոսով («շշում ես, ախպեր»), բայց չեն օգնի ոչ մեկին հասկանալու խնդրի էությունը: Ահա թե ինչու զուտ «համացանցային» մտքերն այնքան թեթև են իրենց կշռով, իսկ բանավեճերը թիթեռնիկների նման են՝ մոռացվում են հաջորդ իսկ օրը: Ավելի լավ է կարդալ մեկ պարբերություն որևէ գրքից, քան հետևել այդ բանավեճերին: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր