211652_close_icon
views-count1936 դիտում article-date 16:59 06-02-2018

«Հաջողության բանալին ինքն իր հետ և հանրության առաջ ազնիվ լինելն է». ԱԻ նախարարը հանդիպել է Հայկական Փի Ար ասոցիացիայի սաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի (PR) դպրոցի սաներին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր փուլերում հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության առանձնահատկությունները: Կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր խոսքում նշեց, որ նախարարության գործունեությանը ծանոթանալու ցանկությունը մեծ էր: Հանդիպման սկզբում նախարար Դ. Տոնոյանը հյուրերին համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները՝ կարևորելով աղետների ռիսկի նվազեցման գործում տեղեկատվական դաշտի դերակատարների հետ սերտ համագործակցությունը: ԱԻ նախարարը ներկայացրեց նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստվող օրենսդրական բարեփոխումները, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող լայնածավալ հանրային իրազեկման ծրագիրը, ճգնաժամերի և պատերազմական իրավիճակներում տեղեկատվական ռազմավարության յուրահատկությունները և ռիսկերը: Հանրային կապերի (PR) դպրոցի սաների հնչեցրած բոլոր հարցերին ԱԻ նախարարը հանգամանալից պատասխանում էր՝ օրինակներ բերելով վերջին տարիներին ՀՀ տարածքում արձանագրված և հանրային հնչեղություն ստացած խոշոր պատահարների վերաբերյալ: Երիտասարդ մասնագետների հարցին, թե որն է հաջողության իր բանալին, նախարարը պատասխանեց, որ հաջողություն է համարում վերադասի կողմից իրեն վստահելու հանգամանքը՝ ղեկավարելու արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույց, այսինքն՝ կարիերայի աճը հաջողություն դիտարկելու դեպքում «բանալին ինքն իր հետ և հանրության առաջ ազնիվ լինելն է»: Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանն ավարտական դիպլոմներ հանձնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Հանրային կապերի դպրոցի 2017 թ. շրջանավարտներին: ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալված հանրային կապերի երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեցան նաև գործի մեջ տեսնելու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «911» ծառայության աշխատանքն ու տեխնիկական զինվածությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր