211652_close_icon
views-count30050 դիտում article-date 10:50 14-02-2018

Գարշահոտ պատմության մեջ «Ծիրանիի» հաշվարկը միանգամայն ճիշտ էր. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ և ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս: Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք պետք է հանձնվեին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ Նուբարաշենի խճուղու բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ` հարևանությամբ գտնվող Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը հոսում են այդ տարածքում բնակվողների շենքերի տակ: Եվ դա փաստ է: Եկեք մտավոր փորձարկում կատարենք և ենթադրենք, որ գարշահոտ շշերը կհայտնվեին Տարոն Մարգարյանի սեղանին: Ի՞նչ էր դրան հետևելու: Ինձ թվում է` ոչ մի բան: Բայց դա «Ծիրանիի» հաշվարկների մեջ ակնհայտորեն չէր մտնում, որովհետև սկանդալն այսպիսով կավարտվեր: Բայց աղջիկները գիտեն, թե ում հետ գործ ունեն, գիտեն, թե ովքեր են նրանց ընդդիմախոսները: Իսկ այդ ընդդիմախոսներն առաջնորդվում են ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ «քուչի տղերքի» տրամաբանությամբ՝ «ո՞նց թե, արա, դու մեր շեֆին բա՞ն ես ասում»: Եվ քանի որ ամեն ինչ տեղի է ունենում «շեֆի» ներկայությամբ, ապա պարզ է, որ քաղաքապետից ոտից գլուխ կախման մեջ գտնվող այդ «տղերքը» ցույց կտային իրենց ամբողջական «հմայքը»: Բացի բռունցքներից` խոսելու, բացատրվելու, իրենց ճշմարտությունն ապացուցելու այլ ձև ավագանու ՀՀԿ-ական այս անդամները չգիտեն և չեն էլ իմանա: Այսինքն՝ այս, բոլոր իմաստներով գարշահոտ պատմության մեջ «Ծիրանիի» հաշվարկը ՀՀԿ-ականների ինտելեկտի, դաստիարակության մակարդակի, կյանքի մասին պատկերացումների վրա էր, և այդ հաշվարկը միանգամայն ճիշտ էր: Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունների՝ կոմունիստական, ՀՀՇ-ական, թե ՀՀԿ-ական, շարժիչ ուժը հանդիսացող մարդիկ այդքան բթամիտ են ու սահմանափակ: Թվում էր, թե 88-ի հեղափոխությունն իրականացրած առաջնորդների համար նման մարդիկ պետք է որ խորապես խորթ լինեին, բայց 3-4 տարում նրանք իրենց շրջապատեցին «կոմբիկերներով» ու «կարամելներով», որոնք ունեին դեմքի ճիշտ նույն արտահայտությունը, որը մենք այսօր տեսնում ենք ՀՀԿ «գործարար-չինովնիկական» անդամների մոտ: Դե, իսկ մարդը, որը հետևից անզուսպ կրքով քաշում էր աղջկա մազերից, հաստատ կարիք ունի հոգեվերլուծաբանի հետ շփվելու: Ամենացավալին, սակայն, մեկ այլ բան է: Կողմերը խաղացին այդ «շոու»-ում իրենց՝ միանգամայն կանխատեսելի դերերը: Այդ ամբողջ աղմուկը, սակայն, որևէ ձևով չի նպաստում նրան, որ մարդիկ Նուբարաշենում այլևս չապրեն գարշահոտության մեջ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր