211652_close_icon
views-count2263 դիտում article-date 19:56 27-02-2018

ԵՊՀ-ն 5 տասնյակ գիրք նվիրեց Մոսուլի համալսարանի գրադարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Մայր բուհում Արաբերենի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում համալսարանի ղեկավարությունը ԵՊՀ-ի կողմից հրատարակված՝ տարբեր լեզուներով մի քանի տասնյակ գիրք նվիրեց Մոսուլի համալսարանի գրադարանին: Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, 2014 թ.-ի հունիսից գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո: 2016 թ.-ի հոկտեմբերին Իրաքի զինված ուժերի կողմից կազմակերպված քաղաքի ազատագրման գործողությունների արդյունքում իրաքյան կառավարությունը պաշտոնապես հայտարարեց Մոսուլի ազատագրման մասին: Քաղաքի կարևոր նշանակության շատ հաստատություններ ավերվել և թալանվել են ահաբեկչական խմբավորումների կողմից: Այդ կարևոր հաստատություններից է նաև ժամանակին մեծ համբավ վայելող Մոսուլի համալսարանը, որի գրադարանային ֆոնդը գրեթե ամբողջությամբ այրվել է: «Վստահ ենք, որ Իրաքի ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի և ոտքի կանգնելով՝ կվերականգնի ոչ միայն քաղաքը, այլև գեղեցիկ ավանդույթներն ու մարտական ոգին: Համալսարանական աշխարհն անբաժանելի է: Մենք այդ աշխարհի մի մասն ենք և կողք կողքի ամուր կանգնած՝ համալսարանական աշխարհի ամբողջությունն ենք ապահովում»,- նշեց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ Մայր բուհը պատրաստակամ է Մոսուլի համալսարանի գրադարանի վերականգնմանն աջակցելու նպատակով շարունակական միջոցառումներ իրականացնել: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա Մահմուդ Սալմանը, ով ներկայացրեց գրադարանի պատմությունը և շնորհակալություն հայտնեց աջակցության համար: Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ ընդգծեց, որ հայ ժողովուրդը, ավելի քան որևէ ազգ, հասկանում է՝ ինչ է նշանակում պատերազմի ժամանակ գրականության ու մշակութային այլ արժեքների փրկման ու պահպանման գործը: Այնուհետև Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը հավատարմատարին ներկայացրեց գրքերը: Հանդիպման ավարտին ներկայացվեց Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ուսանողների կողմից պատրաստված՝ Մոսուլ քաղաքին և Մոսուլի համալսարանի գրադարանին նվիրված հոլովակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր